Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծ եւ փոքր «դետալներ» ռուս-թուրքական առեւտրում

Դեկտեմբեր 03,2015 12:00

Պետք չէ չափից դուրս լուրջ ընդունել Ռուսաստանի «խայծերը»

Ռուսաստանի «ոխերիմ թշնամիները» Հայաստանում հիմա ծանր կացության մեջ են: Հետեւողական լինելու համար նրանք պետք է արդարացնեն նոյեմբերի 24-ին ռուսաստանյան «Սու-24» ինքնաթիռի խոցումը թուրքական օդուժի կողմից, ինչպես նաեւ Սիրիայի տարածքում թուրքամետ զինյալների կողմից ռուս օդաչուի սպանությունը: Որքան էլ հայ քաղաքական գործիչը կամ մեկնաբանը ատելությամբ լցված լինի Ռուսաստանի հանդեպ, նա, կարծես թե, դժվարությամբ կկարողանա ամբողջությամբ համաձայնել իրավիճակի այն մեկնաբանության հետ, որը տալիս է Էրդողանը:

Պարզ է, որ «համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը» Ռուսաստանին նույնքան է հետաքրքրում, որքան Միացյալ Նահանգներին կամ Ֆրանսիային՝ ամեն մեկն իր շահերն է հետապնդում: Մասնավորապես, Սիրիայում իր ռազմական ակտիվությամբ Ռուսաստանը՝ ա/ հակախաղ է փնտրում Ուկրաինայում իր, մեղմ ասած, անհաջող գործողություններից հետո, բ/ ցանկանում է իրեն վերահաստատել որպես համաշխարհային տերություն, գ/ ձգտում է պահպանել Միջին Արեւելքում իր միակ դաշնակից Բաշար ալ-Ասադի իշխանությունը, դ/ նպատակ ունի ամրացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում: Սրանք են Ռուսաստանի նպատակները: Բայց դա չի նշանակում, որ Օբամային կամ Էրդողանին պետք է ներկայացնել իբրեւ ինչ-որ «իդեալիստներ», որոնց հուզում է բացառապես արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգը: Նրանք էլ իրե՛նց նպատակներն ունեն եւ ճիշտ Ռուսաստանի նման՝ պատրաստ են այդ նպատակների համար ոտնատակ տալ բոլորին, այդ թվում մեզ՝ Հայաստանը:

Ո՞րն է այս պարագայում մեր՝ Հայաստանի շահը: Ինձ թվում է՝ այս պահին մեր շահն այն է, որ ռուս-թուրքական այս կոնֆլիկտը օր առաջ հանգուցալուծվի: Հիմա Ռուսաստանում խոսում են տարբեր տեսակի հակաթուրքական քայլերի մասին: Օրինակ՝ շրջանառության մեջ է դրվել «չստուգված» լուրը, թե իբր Կրեմլը քննարկում է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը չեղյալ հայտարարելու հնարավորությունը: Նախ՝ պարզ է, որ դա ընդամենը խայծերից մեկն է (ոչ ամենագլխավորը), որը Մոսկվան տալիս է՝ Թուրքիայի հետ սակարկելու համար, եւ իրականում նման զարգացումների հնարավորությունը գրեթե հավասար է զրոյի: Երկրորդ՝ եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ Ռուսաստանը Թուրքիային պատերազմ է հայտարարել: Ի դեպ, պատերազմի հայտարարություն կլինի նաեւ (այս անգամ արդեն Թուրքիայի կողմից), եթե այդ երկիրը «փակի» Բոսֆորը եւ Դարդանելը, ինչը նույնպես շրջանառության մեջ է դրվել որպես պատասխան քայլ: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այդ ռուս-թուրքական պատերազմը, մենք, ինչպես եւ Առաջին համաշխարհային պատերազմի դեպքում, դրանից ոչինչ չենք շահի:

Ժիրինովսկու, Նավալնու, Միրոնովի «կտերը» նույն նպատակն ունեն: Նրանք, իհարկե, չեն պատրաստվում ազատագրել Արեւմտյան Հայաստանը, ոչ էլ նույնիսկ օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Պարզապես բանակցելուց առաջ կողմերը իրար ցույց են տալիս ձեռքի տակ եղած ամբողջ զինանոցը՝ առավել բարենպաստ դիրք ունենալու համար:

Եվ այդ առումով ամեն ինչ «հաշվի մեջ է»: «Հմեյմիմ» սիրիական ավիաբազայում վերջերս Ռուսաստանի կողմից տեղակայված C-400 համազարկային-հրթիռային համակարգը, որը կարող է խոցել Թուրքիայի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի հարյուրավոր կիլոմետրերի խորությամբ օդային թիրախները, ավելի զորեղ փաստարկ է, քան 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը: Թուրքական պաշտոնյաների հավաստիացումներն առ այն, որ նրանք կօգնեն Ադրբեջանին «ազատագրել» Ղարաբաղը, ավելի իրական են, քան Էրդողանի «օսմանյան» հավակնությունները: Բայց երբ կողմերը փաստարկների «բոխչա» են հավաքում, այնտեղ հայտնվում են թե՛ մեծ, թե՛ փոքր «դետալներ»: Ղարաբաղի հարցն այստեղ բավականին «մեծ դետալ» է, Կարսի պայմանագիրը՝ «փոքր դետալ», որքան էլ դրա «չեղարկման խոստումը» շոյի մեր ազգային ինքնասիրությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031