Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ադամյան. «Կինոարտադրությունը ոտքի տակ ընկնել չի սիրում». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2015 21:35

Դեկտեմբերի 2-ին և 3-ին առաջին անգամ Հայաստանում «Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալելու է  «Salento» միջազգային կինոփառատոնը, որը շրջագայում է տարբեր երկրներում՝ ցուցադրելով անկախ ֆիլմեր: «Փառատոնը Երեւան եկավ գործընկերներիցս մեկի՝ Լիանայի շնորհիվ, ով Իտալիայում աշխատել է ինձ հետ: Անընդհատ քաղաքներով էինք շրջագայում եւ 9 տարի անց վերջապես հերթը հասավ Երեւանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Salento» կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն:

«Նարեկացի»  արվեստի միությունում կինոյի և թատրոնի  դերասան Աշոտ Ադամյանին կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվեց «Salento» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը հանձնեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: «Յուրաքանչյուր քաղաքում, որտեղ հյուրընկալվում ենք, նշանակալի գործիչներից մեկին մրցանակ ենք շնորհում: Հաշվի առնելով Ադամյանի ստեղծագործական գործունեությունը՝ որոշեցինք մրցանակը նրան շնորհել: Անկեղծ ասած՝ հայկական կինոյի մասին շատ բան չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ երիտասարդներն ակտիվ են: Նախատեսում ենք հաջորդ տարի փառատոնում երիտասարդ հայ ռեժիսորների ֆիլմեր ներկայացնել»,-ասաց Լուիջի Կամպանիլեն:

FILE4723 FILE4749

«Շատ հաճելի անակնկալ է: Բանից պարզվում է՝ արածդ աշխատանքը դարակում չի մնում եւ արձագանք է գտնում այլ երկրներում: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր գնահատում են իմ համեստ աշխատանքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Ադամյանը: Aravot.am-ը դերասանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նույն գնահատանքը զգալի է նաեւ Հայաստանում: «Գնահատանքը մարդկանց միջոցով եմ զգում, այլ կերպ՝ ոչ: Կարծում եմ՝ դա ամենակարեւոր բանն է, որովհետեւ ամենաթանկ գնահատականն, այնուամենայնիվ, մարդիկ են տալիս»,-ասաց նա: Ադամյանը տեղեկացրեց, որ տարբեր երկրներից գործակցության առաջարկներ կան, մասնավորապես՝ Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից. «Պատվիրատուն դրսից է: Ստացվում է, որ ֆիլմը հայկական չի: Այս պահին շարունակում են նաեւ ռեժիսուրա սովորել: Սցենարներ եմ գրում, դրսեւորվում նաեւ երաժշտական եւ գրական ասպարեզներում: Այդ գործերը հրատարակվելու եւ բեմադրելու կարիք ունեն»:

Անվանի դերասանի խոսքով՝ քանի դեռ կինոն շփոթում ենք սերիալների հետ, կինեմատոգրաֆիան արդյունքի չի հասնի.  «Ինձ էկրաններից չեք տեսնի, որովհետեւ այն, ինչ տեսնում եք, հիմնականում սերիալներ են եւ փոխառված արտասահմանյան ֆիլմեր: Կինոարտադրությունը ոտքի տակ ընկնել չի սիրում: Ցավում եմ, որ հանդիսատեսի զգալի մասը պարզապես տեղյակ չէ՝ ինչ ֆիլմերի մասին ենք խոսում»:

Հավելենք, որ այս օրերին «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն կինոփառատոնի 5 գեղարվեստական, 3 կարճամետրաժ և մեկ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ հանրահայտ դերասանուհի Սոֆի Լորենի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Մարդկային ձայն» դրամման:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031