Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մասամբ բավարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի դիմումը

Դեկտեմբեր 02,2015 21:20

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ էր գումարել: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումը:

Ներկայացված դիմումով նշվում է, որ սույն թվականի նոյեմբերի 15-ից հասարակական կազմակերպությունը արձանագրել է, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը հատուկ նախատեսված տեղերում իր պաստառները փակցրել է երկու վահանակներին էլ, այդպիսով՝ խախտելով «Հանրաքվեի» մասին օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը: Դիմումի երկրորդ մասում հասարակական կազմակերպությունը նշել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը սույն թվականի նոյեմբերի 12-ին, նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վճարովի հիմքով գովազդային նյութեր են տարածվել, որոնք պարունակում են քարոզչական նյութերի հրապարակումներ: Հասարակական կազմակերպությունը խնդրում է պարզել, թե արդյոք սոցիալական ցանցին վճարումները կատարվե՞լ են նախընտրական հիմնադրամից:

Պատասխանելով Տիգրան Մուկուչյանի հարցին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը ասաց, որ չի կարող ասել, թե չգիտի, ներկայացված ապացույց լուսանկարում պատկերված վահանակը, որտեղ է գտնվում, սակայն նա նման օրինակներ տեսել է Երեւանի տարբեր հատվածում:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը շրջայց է իրականացնել Երեւանում, եւ երբ հանդիպել է այնպիսի պաստառներ, որոնք չեն համապատասխանել օրենքով սահմանված կարգին, հեռացվել են: Հիմնականում նկատվել են նշված պաստառները: Անդրադառնալով դիմումի մյուս կետին՝ նա ասաց, որ իրավական դիրքորոշումը չի կարող վերաբերել փաստական հանգամանքի միայն մի հատվածին, այսինքն՝ գնահատական պետք է տրվի երեւույթին:

«Եթե մենք դիտարկում ենք դասական քարոզչության տիրույթում, ստացվում է, որ ամբողջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պետք է դիտարկել որպես քարոզչության իրականացման հարթակ, դրա նկատմամբ կիրառել վերահսկողություն՝ եթե տրամաբանությունը մի հանգամանքով աշխատում է, մյուսներով եւս պետք է աշխատի: Հիմա ես դա եմ ուզում հասկանալ, օրինակ՝ քարոզչության օրը արգելվում է քարոզչություն, քարոզչությունից մեկ օր առաջ արգելվում է քարոզչություն, հիմա նույն տրամաբանությամբ հանձնաժողովը պետք է վերահսկի՞, սահմանափակի՞, ի՞նչ պետք է անի, օրինակ՝ տվյալ պարագայում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը կամ նմանատիպ այլ սոցիալական ցանցերին ի՞նչ պետք է անի»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցը իսկապես մտահոգիչ է. «Ի վերջո սահմանված է, որ քարոզչություն է համարվում ցանկացած տիպի գործողություն, որը միտված է դրդել ընտրողներին քվեարկել այս կամ այն կերպ, եւ սահմանված է նաեւ օրենսդրությամբ, որ արգելվում է քարոզչության նպատակով քարոզչական հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը: Այլ կերպ ասած՝ իմ կարծիքով՝ եթե դա լիներ անվճար, ապա  խնդիր, ըստ էության, չէր ծագի, կծագեր քվեարկության օրը կամ քվեարկության նախորդող օրը: Բայց այստեղ խնդիրը այլ դաշտում է, եթե մի բանի վրա ծախսվել է գումար, ուրեմն՝ այդ գումարը կա՛մ պետք է ծախսի նախընտրական հիմնադրամից, կա՛մ չծախսվի, երրորդ տարբերակ չկա»:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց  որոշման նախագիծը, որով նա առաջարկում էր դիմումի առաջին մասը բավարարել, իսկ երկրորդը՝ համարել առարկայազուրկ: Հանրաքվեի ընտրական հանձնաժողովի 7 անդամներն էլ կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031