Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Միայն տղամարդկանցից կամ միայն կանանցից կազմված կոլեկտիվները կոնֆլիկտածին են»

Դեկտեմբեր 02,2015 20:40

Հայաստանում կանայք նախագահի պաշտոնի համար երբևէ չեն առաջադրվել: Չենք ունեցել նաև կին վարչապետ ու Ազգային ժողովի նախագահ: 19 նախարարական պորտֆելներից միայն 3-ն են կանայք զբաղեցնում: Այս պահին չունենք նաև կին մարզպետ ու քաղաքապետ:

«Սակայն կանայք ունեն կարևոր որոշումներ ընդունելու համապատասխան ունակություններ,- վստահեցնում է «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:- Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց գրեթե 60%-ը կանայք են: Բայց վերջիններիս ներգրավվածությունը հայաստանյան աշխատաշուկայում քիչ է, քանի որ չկան հավասար հնարավորություններ նրանց համար»:

2015-12-02-12.01 2015-12-02-12.00 2015-12-02-11.58

«Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից իրականացվող գենդերային անհավասարության ինդեքսի հաշվարկումները չորս բնագավառներում (տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն) թույլ են տալիս որոշելու, թե ինչ խորությամբ է անհավասարությունն արտահայտված տարբեր երկրներում: Ըստ դրանց՝ 145 երկրների շարքում Հայաստանը գրավում է 105-րդ տեղը: Ինդեքսն անցկացվում է 2006 թվականից, և այդ ընթացքում Հայաստանը զիջել է իր դիրքերը՝ 71-րդ տեղից հասնելով 105-րդ տեղը: Ամենաբարվոք վիճակը կրթության բնագավառում է: Մենք այստեղ 35-րդ տեղն ենք զբաղեցնում: Անհավասարությունը բավականին խորն է հատկապես քաղաքական և առողջապահական ոլորտներում: Իսկ տնտեսական ոլորտում 82-րդ տեղում ենք»,- տեղեկացնում է ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ ակնհայտ ու անվիճելի փաստ է, որ մենք ունենք կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խնդիր. «Օրենսդրական առումով մենք, կարծես թե, բացթողումներ չունենք, որովհետև ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին օրենքը: Բայց, ցավոք, օրենքներում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է»,- ընդգծեց Է. Վարդանյանը:

Նրա դիտարկմամբ և վիճակագրական տվյալներով՝ կանայք այսօր բավարար չափով ներգրավված չեն հակապես «որոշումներ կայացնող», պատասխանատու պաշտոններում:

Այստեղ, ըստ ԱԺ պատգամավորի, կան և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ այնքան էլ մեծ թիվ չեն կազմում այն կանայք, որոնք ցանկանում են ներգրավված լինել այդ աշխատանքներին: Մենք այստեղ իրազեկման ու նաև նրանց համար որոշակի նախադրյալներ ստեղծելու խնդիր ունենք, որովհետև եթե կինը տեսնի, որ իր համար բոլոր նախադրյալները կան, միգուցե մտածի բարձր պաշտոնների դիմելու մասին: Ցավոք, այստեղ մի լրջագույն խնդիր էլ կա՝ հասարակության ընկալումն ու վերաբերմունքը պատասխանատու պաշտոններում գտնվող կանանց նկատմամբ»,- նշեց Է. Վարդանյանը:

Իսկ թե առհասարակ ինչ կփոխվի, եթե կանանց ներգրավվածությունն ավելի մեծանա, բանախոսները չեն ցանկանում կանխատեսումներ անել: Բայց ուզում են հիշեցնել, որ միայն տղամարդկանցից կամ միայն կանանցից կազմված կոլեկտիվները միշտ կոնֆլիկտածին են, իսկ և´ տղամարդկանցից, և´ կանանցից կազմված կոլեկտիվները՝ հակառակը: Հետևաբար՝ վերջիններիս աշխատանքն անհամեմատ ավելի արդյունավետ է:

Ի դեպ, այսօր «Հայ արտ» մշակութային միությունում «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց «Հավասար» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որը մեկնարկն է նաև «Հավասար» քարոզարշավի: Վերջինս կշարունակվի մեկ տարի և կքարոզի կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարություն:

Ցուցահանդեսը, որում ներկայացված են լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի աշխատանքները, ներառում է թեմատիկ չորս շարք՝ հայ կին քաղաքական գործիչների դիմանկարներ, գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմություններ, մասնագիտություններ, որոնք հայ կանայք շատ հազվադեպ են ընտրում, և տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանայք ու տղամարդիկ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 4-ը:

Մուտքն ազատ է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031