Ինչպես տեղեկացրել ենք՝ որպես զինված «հանցախմբի» անդամ կալանավորված 21 անձանց թվում է նաեւ Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը, որին սակայն, ԱԱԾ-ն ձերբակալել էր ոչ թե Երեւանի Նորք Մարաշի թաղամասում վարձակալած առանձնատնից՝ մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք հայտնաբերելու ժամանակ, այլ Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան» գրասենյակից:
ԱԱԾ-ն նոյեմբերի 25-ին խուզարկություններ էր կատարել նաեւ Գյումրու Ղորղանյան 83 հասցեում գտնվող առանձնատանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի գրասենյակը, բացի այդ, նույն տանը բնակվում են Ավստրալիայից հայրենիք վերադարձած 71-ամյա վարդապետը ու նրա 96-ամյա մայրը: Նշենք, որ վարդապետի մորը խնամում է գրասենյակի աշխատակիցներից մեկը՝ Սաթենիկ Վանոյանը, որը մեզ հետ զրույցում նշում է, որ տարեց կինը տառապում է որդու համար, տեղը չի գտնում. ամեն վայրկյան նրանից նորության է սպասում:
Aravot.am-ը Հայր Անտոնի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրավաչափ որպես խափանման միջոց 71 տարեկան անձի համար ընտրել կալանքը, որն առողջական խնդիրներ ունի. տառապում է շաքարային դիաբետով, բարձր է արյան ճնշումը, ողնաշարի խնդիր ունի, խնամքին 96-ամյա մայրն է: Փաստաբանն ասաց.« Ես կարծում եմ իրավաչափ չի եղել դա, որի հետ կապված էլ բողոք ենք ներկայացրել այսօր Վերաքննիչ դատարան: Նրա առողջական վիճակը ընդհանուր առմամբ նորմալ է, թեեւ տարիքի հետ կապված որոշակի խնդիրներ ունի»:
Նշենք՝ հոգեւորականը, որը կասկածվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:
Կարդացեք նաև
Հավելենք նաեւ, որ Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի գրասենյակի համակարգիչները առգրավվելուզ զատ, ազգային անվտանգության մարմինները ձերբակալել էին նաեւ ռադիոյի աշխատանքները համակարգող երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանին, որը մի քանի անգամ հարցազրույց էր անցկացրել զինված «հանցախմբի պարագլուխ» համարվող, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ:
Վատիկանին ենթարկվող, Հռոմի պապի ֆինանսավորմամբ գործող «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները Գյումրիում պարալիզացվել են, մոտ 10 աշխատակիցներ այս պահին մնացել են գործազուրկ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ