ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 76-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը։
76-ամյա Ռ.Հակոբյանի դին հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով, իր տան բազմոցին պառկած։ Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև կնոջ հողաթափերի վրա:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ռ.Հակոբյանի 64-ամյա կնոջն այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին