«Ոստիկանությունն այսօր ժողովրդին վատություն անելու իր տարերքի մեջ էր: Անընդհատ փորձում էին խոչընդոտել հովանոց դնելու հարցում, այստեղ մեր իրերը բերելու եւ օգտագործելու հարցում: Մասնավորապես՝ թույլ չեն տալիս, որ մեքենան գա եւ պլաստմասե աթոռներն իջեցնենք, որպեսզի մարդիկ կարողանան նստեն: Հենց մեր մեքենան հայտնվում է իրեր բերելու նպատակով, անմիջապես բարձրաստիճան պաշտոնյաներ են հայտնվում ոստիկանությունից, այստեղ ծառայություն իրականացնողներից, ամենաբարձր մակարդակներով զանգեր են լինում, որ այդ մեքենան հանեք, չի կարելի եւ այլն»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում այս հայտարարությունն արեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա ասաց, որ ոստիկանությունը փորձում է ոտնահարել քաղաքացիների սահմանադրական իրավունքները. «Երկու արտառոց դեպք է տեղի ունեցել այսօր Ազատության հրապարակում: Ժամը 2-ի սահմաններում ոստիկանության մի լեյտենանտ, որը նախորդ օրը Գեւորգ Սաֆարյանին բերման էր ենթարկել եւ ընթացքում նրա նկատմամբ անհամաչափ ուժ էր կիրառել, այսօր արձանի մոտ տեսնելով Գեւորգ Սաֆարյանին մեկուսի վիճակում կանգնած, հարձակվել է, հարվածել, գետնին տապալել: Այնուհետեւ երկու այլ ոստիկաններ միացել են նրան եւ փորձել են Գեւորգ Սաֆարյանին բերման ենթարկել: Այստեղ հավաքված ժողովուրդը թույլ չտվեց դա»:
Ըստ Ավետիսյանի՝ դրանից հետո ոստիկաններին հեռացրել են տարածքից: Նա նաեւ խոսել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ: Վերջինս ասել է, որ Գեւորգ Սաֆարյանը հայհոյել է ոստիկանին եւ, այդ պատճառով էլ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել. «Մենք գիտենք, որ Գեւորգ Սաֆարյանը չի հայհոյել, կողքին բազմաթիվ մարդիկ են կանգնած եղել: Գեներալի կոչում ունեցող պաշտոնյան երդվում էր, որ ինքը համոզված է, որ այդպես է եղել»:
Վարուժան Ավետիսյանն, անդրադառնալով երկրորդ դեպքին, ասաց, որ մի քանի ժամ առաջ նույն խոսակցության ժամանակ գեներալ Կարապետյանը հորդորել է, որ հրապարակի տարածքում կանգնած սպիտակ մեքենան, որը սպասարկում է հարթակը՝ հրապարակից դուրս հանվի. «Ես ընդունեցի այդ հորդորը: Մեքենան հիմա կանգնած է շենքի անկյունում: Մեր աջակիցները նկատել են, որ մի քանի հոգի մեքենայի դիմացն են, ինչ-որ գործողություն են կատարում եւ մեքենայից ռադիատորից ջուր է թափում: Մոտ են վազել, սրանք փախել են եւ ոստիկանությանն ուղղված կոչերը, որ ապօրինի գործողություններ են կատարվում, անպատասխան են մնացել»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ