«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ «Նոր Հայաստանի» նախաձեռնած հանրահավաքները, երթերն անցնում են ռեժիմի կողմից հոգեբանական պատերազմ սանձազերծելու պայմաններում: Եվ դրանով հենց ռեժիմն ինքը մերկացնում է իր հակաժողովրդական բնույթը»,- այս մասին «Նոր Հայաստանի» այսօրվա հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը:
Նա նշեց, որ հանրաքվեի շեմին ունենալ այսպիսի մթնոլորտ հանրապետությունում նշանակում է, որ իշխանությունները որեւէ ձեւով մտադիր չեն Սահմանադրական բարեփոխումների միջոցով ստեղծել ավելի ժողովրդավարական իրավիճակ. «Որովհետեւ հնարավոր չի մի երկրում, որտեղ տրանսպորտային բլոկադա կա, որտեղ մարդիկ պետք է ազատ տեղաշարժի իրավունք ունենան, ազատ արտահայտվելու, ազատ հավաքների իրավունք ունենան, մարդկանց ամբողջ երկրով մեկ հնարավորություն չեն տալիս»:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահն ասեց, որ նման փորձ է արվում նաեւ Ազատության հրապարակում ստեղծել այդ մթնոլորտը. «Մենք ականատես էին երեկ, թե ինչպես կազմակերպիչներին խուզարկություններ էին անում, ապօրինի խուզարկություններ էին անում հենց այս հրապարակում: Ակնհայտ է, որ ռեժիմը նաեւ բացահայտում է իր ոչ կոմպետենտությունը, որովհետեւ եթե դուք հիշում եք, երեկ մեր խաղաղ գործողություններին հակադրեցին ապօրինի գործողություններ»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ