Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանի ասելով՝ 20 տարի է ապօրինի են օգտագործում օբսիդիանի հանքերը

Դեկտեմբեր 02,2015 18:45

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել, եւ վանկատի՝ օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար տեւական բազային տուրքն ավելի քիչ սահմանել, քան մյուս, ինչպես նշված է նախագծում՝ գունագեղ քարերի դեպքում է:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Նախարարությունն այս լրացումն անելու անհրաժեշտությունը հիմնավորում է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու համար:

Բայց ուշագրավը նախարարության ներկայացրած ոլորտի ընթացիկ իրավիճակն է:

Ըստ նախարարության օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի չորս հանքավայրեր՝ Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի եւ Արթին լեռի Սեւքարի տեղամասը, որոնք տրամադրված չեն շահագործման:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մեր երկրում ավելի քան  20 տարի է հայկական օբսիդիանը օգտագործվում են հուշանվերների եւ շինանյութերի արտադրության բնագավառներում:  Այդ արտադրանքի մեծ մասն արտահանվում է` ապահովելով համապատասխան մուտքեր պետական բյուջե: Սակայն տեղական ընկերությունները բարդությունների առջեւ են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված եւ աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկայումս չկան:

Այսինքն, ըստ նախարարության, օբսդիանի հանքը ոմանք շահագործում են ստվերում, դա է փաստում նաեւ այն, որ այն օբյեկտները, որոնք 20 տարուց ավելի է օբսիդիանից հուշանվերներ են պատրաստում ու իրացնում, կամ որպես շինանյութ են օգտագործում, այն «լեւի» են ձեռք բերում: Եւ այս 20 տարիների ընթացքում կառավարությունը չի էլ պարզել, թե եթե օրինական գրանցված հանքը շահագործող ընկերություն չկա, ապա որտեղից են հայտնվում շուկայում հայկական օբսիդիանից ապրանքները:

Էկոնոմիկայի նախարարությունն իր հիմնավորման մեջ ասում է՝ «Վերոնշյալ հարցի լուծման համար խոչընդոտ է հանդիսանում պետական տուրքի բարձր դրույքաչափը: Հաշվի առնելով, որ օբսիդիանի հումքի օգտագործման ծավալները շատ մեծ չեն (տարեկան 3500-5000 տոննա) ներկայումս գործող պետական տուրքի դրույքաչափի (բազայի տուրքի 10000-ապատիկի չափ) պայմաններում հանքի շահագործումը տնտեսապես դառնում է ոչ շահավետ: Ուստի առաջարկվում է օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի նվազեցնել, ինչն էլ հնարավորություն կտա, ըստ նախարարության հիմնավորման, հանք շահագործող ընկերություններին շահագործել օբսիդիանի հանքավայրերը, ինչի արդյունքում օբսիդիանի հումք օգտագործող տեղական ընկերությունները կկարողանան փաստաթղթավորված կերպով ձեռք բերել անհրաժեշտ հումք:

Առավել ուշագրավ է ֆինանսների նախարարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ: Ֆիննախը բացասական եզրակացություն է տվել, նշելով, որ պետտուրքի 10000-ապատիկի փոխարեն 20-ապատիկի չափով սահմանելով պետա­կան բյու­ջեի եկա­մուտների վրա կունենա բացասական ազդեցություն:

Ընդ որում, ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանը իր բացասական եզրակացության մեջ դիմում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին  եւ փորձում համոզել, որ պետական տուրքի չափերով պայ­մա­նա­վոր­­ված վանակատի (օբսիդիան) հանքի օրինական շահա­գոր­­ծումը տնտեսապես ոչ շահավետ լինելու հան­գամանքը միայն վանակատի օգտագործման ծավալ­ներով հիմնավորելը ճիշտ չէ.« Մաս­նա­վորա­պես, գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հիմնավորված համարվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հաշվարկներ՝ պարզելու համար, թե ներկայումս սահմանված պետական տուրքի չափը, որպես արդյունահանվող վանակատի ինքնարժեքի տարր, ինչքանով է բարձրացնում վանակատի ինքնարժեքը եւ հետևաբար ինչքա­նով է պետական տուրքի չափը հանքի օրինական շահագործումը դարձնում տնտեսապես ոչ շահավետ»:

Փաստորեն Գագիկ Խաչատրյանին չի հուզել, որ օբսիդիանի հանքերն ապօրինի են շահագործվում, այն էլ կոլեգան է այդ մասին հայտարարում, մի բան էլ պատճառաբանում է, որ բյուջեի վրա բացասական կազդի, եթե այդ հանքահումքի համար պետտուրքը նվազեցնեն:

Նկատենք, որ այսպես թե այնպես, պետբյուջեի վրա արդեն 20 տարի է բացասական է ազդում, որ այդ հանքերն ապօրինի են շահագործվում, հետեւաբար բյուջե էլ գումար չի մտնում: Ուրիշ առիթներով ֆիննախը ինչ ասես, որ չի անում, բյուջեն լցնելու համար, անգամ փոքր բիզնեսից է հարկեր «քերում», հիմա անհասկանալի է, թե ինչու Խաչատրյանը չի ուզում պետտուրքը նվազեցնել, որով օրինական դաշտ կգան շահագործողները, բյուջե էլ գումար կգա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031