Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանը պայուսակը ստուգելուց առաջ պարտավոր է քաղաքացուն ցույց տալ այն հոդվածը, որով ինքն իրավասու է դա անել

Դեկտեմբեր 02,2015 18:25

Արդեն մի քանի օր է՝ ոստիկանությունը հասարակական վայրերում պահանջում է քաղաքացիներին բացել պայուսակները եւ ցույց տալ պարունակությունը: Փողոցներում հաճախ հանդիպում ենք ոստիկանին ընդդիմացող քաղաքացիների: Ինչպե՞ս կարող է քաղաքացին հասկանալ՝ ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ են, թե՞ ոչ:

Aravot.am-ն այս հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ «Սարգսյան իրավաբանական խումբ»  իրավաբանական միավորման ղեկավար, փաստաբան Տիգրան Սարգսյանից: Ըստ փաստաբան Սարգսյանի, դժվար է քաղաքացու համար  հասկանալ՝ ոստիկանի պահանջն օրինական է, թե ոչ, քանի որ քաղաքացին ձեռքի տակ չունի օրենսդրությունը, չգիտի՝ որ իրավական ակտերով են կարգավորվում ոստիկանի իրավունքները եւ պարտականությունները: Սակայն, շատ կարեւոր է, որ քաղաքացին համոզված լինի ոստիկանի գործողությունների օրինականության հարցում, հակառակ դեպքում՝ բախումն անխուսափելի է:

Փաստաբանի խոսքերով, տպավորությունն այնպիսին է, որ քաղաքացիները չեն վստահում ոստիկանությանը եւ այս անվստահությունը կարելի է  հաղթահարել, եթե ոստիկանությունը ճիշտ աշխատի:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի եւ հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ աջակցել իրավունքների իրացմանը: Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր»,-ասաց իրավաբանը:

Ըստ նրա, ոստիկանությունը, եթե օրենքի այս պարզ պահանջը պահպանի, կնվաճի մեր քաղաքացիների վստահությունը: Իրականում, ոստիկանները նույնիսկ իրենք ծանոթ չեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին, դրանով էլ պայմանավորված՝ չեն կարողանում հասկանալի բացատրել իրենց պահանջների օրինական լինելը: Հիմնականում ոստիկանը իր գործողությունները հիմնավորում է վերեւից հրահանգ լինելու հանգամանքով, ինչը բնական է, որ խորացնում է անվստահությունը եւ բացառում համագործակցությունը: Դրա փոխարեն, ոստիկանը պետք է իր ձեռքում ունենա «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը եւ երբ մոտենում է քաղաքացուն, պետք է ցույց տա օրենքի այն հոդվածը, որով ինքն իրավասու է նշված գործողությունն անել: Նման մոտեցումը շատ բան կփոխի մեր հասարակությունում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Աստուած մի արասցէ, մի հատ ռումբ որ պայթի Հանրապետութեան Հրապարակում, յետոյ կը նայինք թէ ոստիկանը ինչե՜ր պէտք է ցոյց տայ եւ բացատրի ճամբու անցորդին, պայուսակը ստուգելէ առաջ…

    այդ – ցաւացին – ճանապարհից անցան, արեւմտեան երկիրները…

    սակայն Հայաստանում, դեռ Disneyland է
    (աղօթենք սակայն, որ այդպէս ալ մնա)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031