«LOFT» ինքնազարգացման եւ արվեստի կենտրոնում այսօր հյուրընկալվել էին «Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան եւ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Բուլղարիայում տեղի ունեցած «Մանկական եվրատեսիլ-2015»-ում Միկան զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը՝ հաղթանակը նվիրելով մորը: «Շատ ուրախ եմ երկրորդ տեղը զբաղեցնելու համար, դա ինձ համար մեծ պատիվ է: Մի շարք երկրներից արդեն հրավիրել են մրցույթների եւ փառատոների մասնակցելու»,-ասաց Միկան: Գոհար Գասպարյանն էլ նշեց, որ լավագույն եռյակում տեղ գրավելն իսկապես մեծ արդյունք է. «Դա ստացվեց կատարելագործված աշխատանքի արդյունքում: Հերթականությունը հուշում է, որ հաջորդ տարի պետք է հաղթենք, բայց մրցույթն անկանխատեսելի է: Շատերից եմ լսում, որ հաղթողը՝ Մալթայի երգչուհին, իսկապես տաղանդավոր է, Միկան եւս երկրպագում էր նրան եւ ընկերացել էր նրա հետ: Նա առանձնանում էր բոլորից: Շատերն ասում են՝ ինչո՞ւ միավորներ տվեցիք Մալթային, բայց ինչպե՞ս կարող ենք լավ երգչուհուն չգնահատել: Լավագույն ձայնով եւ արտիստիկ երեխան հաղթել է: Սա խոսում է այն մասին, որ մրցույթն անաչառ է»:
Միկան տեղեկացրեց, որ առաջիկա ծրագրերը շատ են. «Անկեղծ՝ ուզում եմ փոքր-ինչ հանգստանալ, ինչից հետո կսկսեմ ծրագրերը»:
Կարդացեք նաև
Գոհար Գասպարյանն էլ հավելեց, որ Միկային «հիպերակտիվ» է անվանում եւ առաջարկում է հաջորդ երգը կոչել հենց այդպես. «Փորձերի ժամանակ Միկան շարժումներ էր մտածել եւ երեխաներով այդ յուրահատուկ պարն էին պարում: Չէր կարողանում բեմում հանգիստ կանգնել: Այդ շարժումները շոուի ժամանակ էլ կատարեցին: Բոլոր մասնակիցներն ընկերացել են եւ կապեր են հաստատել, մինչ օրս նամակագրություն են պահպանում: Ի դեպ, Միկային բոլորը սիրահարվում էին, նա փոքրիկ սրտակեր էր: Հատկապես Վրաստանի ներկայացուցիչն էր տպավորված նրանով»:
Փոքրիկ երգիչը նաեւ նշեց, որ եվրատեսիլյան առօրյան բավականին հագեցած էր. «Ամեն օր առավոտյան ասում էին՝ վեր կաց, գնում ենք փորձի: Փորձից հետո մասնակցում էինք որեւէ արարողության կամ էքսկուրսիայի: Եղել ենք Սոֆիայի պատմության թանգարանում, որտեղ բուլղարական դիմակներ ենք պատրաստել»:
Գոհար Գասպարյանն էլ հավելեց, որ հանդիպել են բուլղարահայերի հետ. «Մարդկանց աչքերում տեսնում էինք կարոտը: Նրանք սպասումով եւ դրական լիցքերով ճանապարհեցին մեզ մրցույթի»:
Միկան «Մանկական եվրատեսիլ»-ի հետագա մասնակիցներին խորհուրդ տվեց լինել պոզիտիվ, ուրախ եւ վստահ: Ի դեպ, նա ցանկանում է ձայնասկավառակ թողարկել, որը կներառի նրա բոլոր երգերը, այդ թվում՝ «Ձնծաղիկը», որը կատարել է 6 տարեկանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ