Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր թևը մինչ օրս տառապում է իրար մեջ մրցակցելու հիվանդությամբ: Հ. Նաղդալյան

Դեկտեմբեր 02,2015 16:44

-Տիկին Նաղդալյան, երեկ մեկնարկեց ընդդիմության քաղաքացիական անհնազանդության շարժման կոչերով՝ իրենց կողմից երկար ժամանակ գովազդվող և խոստացված բազմամարդ հանրահավաքը: Հետաքրքիր է իմանալ իշխանության վերաբերմունքը:

-Չեմ կարծում, որ հիմա արժե խոսել թվաքանակի կամ բազմամարդության մասին, նախ առաջինը՝ որ դա վիճելի է, և երկրորդը՝ այն պատճառով, որ դա, պարզապես, էական չէ: Այսօրվա հեռահաղորդակցության, կապի միջոցները այնքան կատարելագործված են, որ թույլ են տալիս յուրաքանչյուրին առցանց ռեժիմով, կարծես հենց հրապարակում գտնվելով և ավելի շահեկան դիրքից հետևելու ողջ ընթացքին, այնպես որ թվաքանակին առնչվող այդ մշտական վեճը և հրամցվող ՝ հաճախ ուռճացված թվերը , կարծում եմ, այսօր առարկայական չեն և օրակարգից դուրս են: Բացի դրանից, նշեմ նաև, որ բովանդակային իմաստով ևս դա չեմ կարևորում, ինչու՞, որովհետև մեր երկիրը տարիներ շարունակ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, մենք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ, մարդու համար ազատ ու անկաշկանդ իր կարծիքը, մտահոգությունն ու դժգոհությունը արտահայտելու հնարավորություն, և այս ճանապարհին մենք տարիներ շարունակ օրենքներ ենք ընդունել, կատարելագործել դրանք, նաև մեր մոտեցումներն ենք փոխել: Այդ իմաստով, իմիջիայլոց, վերջին տարիները, նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարության շրջանում, հատկապես և անվիճելիորեն առանձնանում են լայն ժողովրդավարական մոտեցումներով: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ցույցերի, հանրահավաքների, երթերի մասնակցության՝ընդամենը մեկ պահանջով՝ դա պետք է լինի օրենքով սահմանված կարգով, բացառապես օրենքի շրջանակներում:

– Ձեր նշած հեռահաղորդակցության ընձեռած այդ լայն հնարավորություններով երեկ մենք ականատեսը եղանք նաև երթի ընթացքում տեղի ունեցած մի շարք սրացումների, ոստիկանության և ցուցարարների միջև եղան բախումներ, այս մասին ինչ կասեք:

– Որոշակի բազմության տեղաշարժի և գործողությունների ընթացքում, ըստ էության, կարող են անխուսափելիորեն լարումներ լինել, թեև, կարծում եմ, բոլոր կողմերը պետք է ձգտեն խուսափել և զերծ մնալ ավելորդ լարում հրահրելուց: Երեկվա երթում, նույն այդ հեռահաղորդակցության միջոցներով հետևելիս, թերևս, ողջ հասարակությունը տեսավ, որ մենք այսօր իրականում բոլորովին այլ ոճով ՝ իսկապես ժողովրդավարական ամենազարգացած երկրի ոստիկանության աշխատելաոճին բնորոշ մոտեցումով գործող ոստիկան ունենք, հանգիստ, հավասարակշռված և սթափ գիտակցումով, որ կարող են տեղի ունենալ և՛ բախումներ, և՛ հրահրվող սադրանքներ և այդ ամենից պետք է քաղաքավարի, բայց հստակ գործողություններով խուսափել:  Թե՛ երթի մասնակիցներին, և թե ողջ հանրությանը ևս մեկ անգամ տեսանելի եղավ մեր ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն բավական ժամանակ որդեգրած գործելաոճը, այն է՝ թույլատրված է այն ամենը, ինչ սահմանված է օրենքով , դա ձեր իրավունքն է, մենք այն չենք կաշկանդելու, իսկ այն ինչը թույլատրված չէ , պարզապես թույլ չենք տալու:

– Ի՞նչ տպավորություն ունեցաք ,,Ոչ,,-ի բևեռի երեկվա հանրահավաքի կազմակերպչական մասով , հարթակից հնչեցին նաև հեղափոխական կոչեր, արդյո՞ք կարելի է արդեն հետևություններ անել այդ ամենից:

-Իրականում, ընդդիմադիր թևը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր , կարծում եմ , տառապում է նույն՝ մինչ օրս չթոթափված հիվանդությամբ, դա ամբիցիաների, լիդերության պայքարն է, և իրար մեջ մրցակցելով՝ միասնական հանդես գալու հնարավորությունը կորցնելու հանգամանքը: Պարզ էր, որ, իրականում, ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի, և՛ կազմակերպչական, և՛ գաղափարական իմաստով առաջնորդողի, ինչպես նաև, գործողությունների հստակ ծրագրի լուրջ դեֆիցիտ կա:

Բազմաթիվ անգամ նշել ենք, որ իշխանությունները ոչ հակում, ոչ էլ իրավունք ունեն ժողովրդին ,,մեր,,-ի և ,,ձեր,,-ի տարանջատելու , ,,իմ ու քո,,անելու, և ոչ էլ Սահմանադրության հանրաքվեն մեր հանրային, պետական կյանքում այն փորձությունն է, որի ժամանակ կարելի է նման սահմանազատումներ կիրառել, հակառակը, հենց Սահմանադրության հանրաքվեն և դրա շուրջ ընթացող քննարկումները իրենց մեջ կոնսոլիդացնող ուժ պետք է ունենան, որովհետև , իսկապես, սա այն գործընթացն է, որը միտված է ապագային, վաղվա օրվան, ավելի ժողովրդավար երկիր ունենալուն, ավելի լավ կառավարմանը, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին, ազատություններին: Դրա համար հարգանքով եմ վերաբերում այն մարդկանց, ովքեր այսօրվա ցույցի հարթակը իրենց դժգոհությունը հայտնելու ազնիվ ճանապարհ են համարում, և գտնում եմ, որ պետք է ուշադիր լսել մարդկանց, ովքեր դժգոհության առիթներ ունեն, իսկ նման առիթներ կան մեր երկրում: Բայց, այնուամենայնիվ, հեղափոխական կոչերի իրավական գնահատականներից անկախ, և՛ այդ մարդկանց, և՛ մեր ողջ հասարակությանը ուզում եմ ասել՝ այսօր աշխարհի տարբեր երկրներում կատարվող և արդեն կատարված գործընթացները բոլորիս աչքի առաջ են, արդյո՞ք որևէ մեկը տեսել է գունավոր այս հեղափոխություններն իրականացրած կամ արդեն վերապրած երկրներից մեկում մի դրական զարգացում, առաջընթաց, կամ շահեկան ու նախընտրելի իրավիճակ, որ այդ ճանապարհով մենք էլ գնանք, մանավանդ աշխարհաքաղաքական սուր և մտահոգիչ զարգացումների այսօրվա իրողությունների պայմաններում: Կարծում եմ, բացարձակապես իրականությունը դա չէ, իսկ այն, որ մեր երկրում կան խնդիրներ, սոցիալական հողի վրա և այլ գործոններով պայմանավորված դժգոհություններ, դրանց լուծման օրակարգում այսօր առավել ադեկվատ մոտեցումը, ճանապարհը ՝ Սահմանադրության բարեփոխումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031