Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Պուտին-Էրդողան հարաբերությունները ցար-սուլթան ոլորտից են»

Դեկտեմբեր 02,2015 15:11

«ՆԱՏՕ-ի նիստը, որը որոշում չընդունեց, խոսում է նրա մասին, որ եւ ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն գիտակցում են այս միջադեպի զարգացման վտանգը ոչ միայն տարածաշրջանային, այլ գլոբալ անվտանգության մասով: Կարծում եմ, այս զարգացումը չի բերի գլոբալ կոնֆլիկտի`ՀԱՊԿ-ՆԱՏՕ: Դա հաստատում է նաեւ ՆԱՏՕ-ի այսօրվա կայացրած որոշումը`ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքների վերականգնման մասով: Բայց ռազմաքաղաքական զարգացումներ կլինեն»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» խոսելով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարման մասին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա չի բացառում, որ ՌԴ-ն հետագայում նաեւ ցամաքային գործողությունների անցնի`կանխելու համար Իսլամական պետության իշխանությունը:

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այս իրավիճակում դիվանագիտական ասպարեզում Հայաստանի լռությունը ճիշտ է համարում: «Եղել է ՊՆ-ի կողմից մեկ հայտարարություն, որը վիճահարույց է, բայց գուցե պետք էր: Մենք ներքաշված չենք այս կոնֆլիկտում եւ ցանկացած արձագանքը կարող է վնասել մեզ: Պատմությունից գիտենք, որ ռուս-թուրքական կոնֆլիկտներից եւ քարդաշություններից մենք ենք տուժել»,- ասաց բանախոսը`հիշեցնելով, որ Թուրքիան մեր անմիջական հարեւանն է, որն իր հստակ դիրքորոշումը ունի ԼՂՀ հարցում: ՌԴ-ն մեր ստրատեգիական գործընկերն է. «Խոսակցություններ եղան Շոյգուի այցի մասին, ասում են Իվանովն է գալիս, վստահ եմ, կոնտակտներ կգտնեն: Սիմպատիաների հարց չի, պիտի գիտակցենք երկու տարածաշրջանային պետությունների շահերը եւ դրանց բախման հետեւանքները տարածաշրջանի համար: ՆԱՏՕ-ն խոհեմ, բալանսավորված պահվածք որդեգրեց: Իսկ ՀԱՊԿ-ը որեւէ անելիք չունի, եւ լավ կլիներ, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որեւէ հայտարարությամբ հանդես չգար: Սա ավելի շատ PR պատերազմ է, երկու նախագահների`Թուրքիայի եւ ՌԴ-ի, հարաբերությունները ցար-սուլթան հարաբերությունների ոլորտից է, երկուսն էլ խոսում են իրենց նախկին իմպերիաների վերականգնման մասին: Դրանք ներքին օգտագործման համար են եւ ինքնախարազանման դրսեւորումներով»:

Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ի արձագանքի անհրաժեշտությունը տեսնում է, քանզի նավի, ինքնաթիռի վրա հարձակումը միջազգային օրենքներով, նշանակում է այդ պետության դեմ հարձակում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների հերթական վատացումը դեռ կպահպանվի, դրանք ռազմական բախումների չեն վերածվի, բայց դիվանագիտական, տնտեսական եւ այլ ոլորտներում փոխադարձ գործողություններ կլինեն, ինչը այս փուլում տարածաշրջանի համար նոր մարտահրավեր կարելի է համարել:

«Սա որոշակի ազդանշան է նաեւ այն առումով, որ Թուրքիայի գործողությունները կարող են դիտարկվել ոչ միանշանակ տեռորիզմի դեմ պայքարում: Եվրոպական պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում, հատկապես փախստականների հարցում, քննարկումների առիթ կլինի»:

Հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունն, ըստ բանախոսի, չի նշանակում, որ անտարբեր պիտի լինենք, բայց սուր արձագանքի անհրաժեշտություն չունենք, միայն պիտի շահագրգիռ լինենք, որ գործընթացները ավելի մեղմ զարգանան: Հայաստանի հնարավոր տնտեսական խնդիրները այս համատեքստում, ըստ նրա, կախված կլինեն հետագա էսկալացիայից:

Արտակ Զաքարյանը շեշտադրում է անում մեր ներքին կայունության խնդիրներին, որոնք կարող են պարզապես օգտագործվել գերտերությունների կողմից: «Ամենակայուն երկիրը Հյուսիսային Կորեան է եւ հարեւան Ադրբեջանը, բայց նման կայունությունը մահ է, մեզ նման կայունություն պետք չէ, մեզ ժողովրդավարական երկիր եւ այդպիսի կայունությամբ պետություն է պետք»,- Արտակ Զաքարյանին հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը: Արտակ Զաքարյանը հակադարձեց`իր խոսքը հենց ժողովրդավարական կայուն զարգացմանն է վերաբերվում եւ դա հնարավոր կլինի ամրապնդել նոր Սահմանադրությամբ:

ԼՂՀ հարցին այս կոնֆլիկտը, ըստ բանախոսների, չի սպառնում այն իմաստով, որ դիվանագիտական գործընթացը կարող է վերաճել ռազմականի: Թուրքիայի կողմից սահմանային միջադեպերի հրահրումներ կլինեն`ՌԴ-ին ներքաշելու եւ նրա դիրքերը թուլացնելու համար, բայց Ալիեւը լայնածավալ պատերազմական գործողությունների չի գնա:

Վաղարշակ Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում ռուսական բազան «ուժեղացվելու» է նոր եւ ավելի հզոր զինտեխնիկայով`զսպելու համար եւ Թուրքիային, եւ Ադրբեջանին ու Շոյգուի այցի նպատակն, ըստ նրա, հենց դա էր:
Ընդհանրապես, տարբեր փաստարկումներով, նրանք բոլորն էլ համամիտ են, որ պատերազմը Սիրիայի համար է, բայց գլոբալ-ռազմական զարգացումների այն չի հանգեցնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031