16, 17, 18, 19, 21-ից 24 և 27, 28 ընտրատարածքները ամենառիսկայիններն են: «Մեդիա կենտրոնում» «Ընտրացուցակների դիտարկման և վերլուծության ծրագիր. տվյալների ներկայացում» թեմայով քննարկմանը Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց կատարած` ընտրացուցակների հետազոտության ժամանակ հաշվի են առնվել ռիսկային գործոններ, ինչպես օրինակ, կրկնվող անուն-ազգանուններով և ծննդյան թվերով անձինք , համեմատվել են ներկայիս և 2013-ի ընտրությունների ընտրացուցակները:
Հետազոտությունը ներկայացվելու է դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և այլ կառույցների, որոնք հետաքրքրված են ընտրությունների արդարացի ու թափանցիկ անցկացմամբ:
Առանձնացվել են նաև կրկնվող անուն ազգանուն և ծննդյան թիվ ունեցող անձանց տվյալները: Հետազոտության արդյունքում բացահայտվել են ընտրացուցակների առումով ամենամեծ շեղում ունեցող 20 տեղամասերը և 218 նույն անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան թիվ ունեցող անձանց համընկնում:
Դառնալով 2013-ի ընտրացուցակների հետ համեմատության արդյունքում ստացված արդյունքներին` Ղարիբ Հարությունյանը նշեց. «2013-ին ընտրությունների հիմնական ցուցակները համեմատել ենք այս տարվա ընտրական ցուցակների հետ: Արդյունքում յուրաքանչյուր ընտրատեղամասում միջինը 57 ընտրողով ընտրողների թիվն ավելացել է, կան նաև տեղամասեր, որտեղ 147 և ավելի ընտրողով է այդ թիվն ավելացել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ռիսկային ընտրատարածքներին` Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի փորձագետ Կարեն Պետրոսյանը մանրամասնեց` ըստ մարզերի. «16, 17, 18 ընտրատարածքները Արարատի մարզն են ներկայացնում, 27,28-ը Կոտայքի մարզն է, 21-ը Արմավիրի մարզն է, 24-ը՝ Գեղարքունիքի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի