«Ընդհանուր վիճակը հետեւյալն է. եթե 1 տարի առաջ զայրույթ կար, այդ զայրույթը վերածվել էր հայհոյանքի, իսկ հիմա վեր է ածվել անեծքի: Ամբողջ ժողովուրդն իրապես չի ուզում այս իշխանություններին: Եվ մենք կարողացանք հասնել նրան, որ ժողովրդի մի ակտիվ մասը կգնա քվեարկության»,- այս մասին, ամփոփելով վերջին 25 օրերին իր կատարած մարզային այցելությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա ներկայացրեց, մի քանի կազմակերպությունների վիճակագրություններ, որոնց մասին իշխանությունները տեղյակ են. «Այո»-ի տոկոսն այսօր տարբեր ուսումնասիրությունների արդյունքում 11-18 է: «Ոչ»-ը 3-4 անգամ, առանց գունավորելու, ավելին է, քան «այո»-ն: Եթե իշխանությունները խոհեմ լինեն, մի փոքր զգան իրավիճակը, ժողովրդի տրամադրությունը եւ Հայաստանի 4 կողմերում գործընթացների զարգացումը, պետք է հետ կանգնեն այս նախագծից»:
Ըստ Արամ Մանուկյանի՝ դա կլինի շատ խոհեմ, խելոք քայլ: «Այդպիսով Հայաստանն ինչ-որ կերպ զերծ կմնա, կամ ավելի պաշտպանված կլինի մեր շուրջը գնացող գործընթացների նկատմամբ, այն մարտահրավերների նկատմամբ, որ առաջանում են մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայի դեպքերի եւ ռուս-թուրքական հարաբերությունների լարվելու հետ կապված: Այս պահին ճիշտ եւ լավագույն լուծումը կլիներ այդ նախագիծը գոնե հետաձգել»:
Եթե իշխանությունների «պատվախնդրությունը, ախորժակը, թասիբը» թույլ չի տալիս այդպիսի քայլ անել, ապա, ըստ պարոն Մանուկյանի, նրանք պետք է հանգիստ թողնեն ընտրությունը. «Ինչ կլինի թող լինի: Չգիտեմ ով կշահի, ով կտուժի, բայց երկիրը հաստատ կշահի: Իշխանությունները ճիշտ կլինի մտածեն այս ուղղությամբ: Եթե ոչ, ապա թող մտածեն, թե ինչպես են այդ համատարած «ոչ»-ի դեմն առնելու: Ինչ կեղծիք էլ փորձեն, ինչ հնարքներ էլ կիրառեն, ես ձեզ հավատացնում եմ, որ ժողովրդի մեծ մասը հասկացել է, որ կարելի է գյուղապետին, դպրոցի տնօրենին ասել «այո», բայց գնալ «ոչ» քվեարկել»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ