«Մենք հուսահատվողը չենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ համոզված ենք, որ հասնելու ենք մեր նպատակին»,- դեկտեմբերի 2-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած տեղեկատվական երկխոսության ընթացքում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ այսօրվանից իրենք ամբողջությամբ իրենց շտաբը տեղափոխում են Ազատության հրապարակ. «Ժողովուրդը պետք է իմանա, որ այստեղ մենք իրենց սպասում ենք, ե՛ւ իրենց ֆիզիկական մասնակցությանը, ե՛ւ տարբեր հարցերում իրենց օժանդակությանը: Առաջին հերթին մարզերից եկած մեր քաղաքացիներին հյուրընկալելու, տեղավորելու հարցի հետ կապված պետք է մնան մեզ մոտ: Կազմակերպական բավականին հարցեր կան, որ մենք օր օրի պետք է կազմակերպվենք: Բնական է, մեզ ցուրտ օրեր են սպասվում, պետք է պատրաստվենք նաեւ պատսպարվել այդ ցրտին, այս հարցում եւս մեր քաղաքացիները մեզ օժանդակելու խնդիր ունեն: Մենք որեւէ հովանավոր չունենք ֆինանսական, մեր միակ հովանավորը մեր ժողովուրդն է: Երեկվանից արդեն մենք ունենք արձագանքներ տարբեր օժանդակությունների: Ես համոզված եմ, որ օր օրի շատանալու են, եւ մենք նաեւ տեխնիկապես մեր բոլոր հարցերը կարողանալու ենք լուծել»:
Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով դեկտեմբերի 1-ի երթին, ասաց, որ բոլորը պետք է հասկանան, որ «Նոր Հայաստանը» իր գործողություններով լարում չի ստեղծելու. «Ամեն օր մենք պիտի ճնշենք, ճնշումը պիտի օր օրի ուժեղանա եւ բոլորը պիտի իմանան, որ այսօր արդեն օրակարգում է չեղարկման հարցը՝ ե՛ւ ներազգային իմաստով, ե՛ւ միջազգային իմաստով: Այսօր նժարին դրված է այս ապօրինի նոր Սահմանադրությունն իր գործընթացով, որը երկիրը միայն անկայունության է տանելու, մյուս նժարին դրված է կասեցումը եւ օր առաջ ձերբազատումը այս ռեժիմից, որը մեր երկիրը տանելու է դեպի բնականոն ընթացք: Այսօր այս հարցն է, որ քննարկվում է ե՛ւ ներազգային, ե՛ւ միջազգային ատյաններում: Ես ունեմ համոզմունք, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը մեզ հաջողվելու է կասեցնել այս ընթացքը, ուստի՝ կոչ եմ անում մեր ժողովրդին այսօր ժամը 6-ին հնարավորինս ակտիվ մասնակցել, որ մենք հերթական ճնշումը բանեցնենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ