Դեկտեմբերի 6-ին`սահմանադրական հանրաքվեի օրը, կգործի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) թեժ գիծը` լրագրողների համար: Բոլոր լրագրողները, որոնք այդ օրը կենթարկվեն բռնության, կամ կխոչընդոտվի նրանց մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել թեժ գծի հետևյալ համարներով. 010533895, 093107085:
Aravot.am-ի հետ զրույցում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց. «Ուշադիր հետևելու ենք իրադարձություններին. դա մեր ավանդական աշխատանքն է ցանկացած ընտրությունների և հանրաքվեների ժամանակ: Եթե կոնֆլիկտային իրավիճակ է լինում, մենք նույնիսկ դեպքի վայր ենք ուղարկում մեր արագ արձագանքման խմբին: Եթե անգամ մեր աշխատակիցները դեկտեմբերի 6-ին չհասցնեն բոլոր խնդրահարույց տեղերում լինել, միևնույն է, լրագրողների կողմից հնչեցված ահազանգերն անպայման արձանագրվելու են մեր կողմից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ