Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 4-ին Վերին Ծաղկավանից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրին քայլող, իրեն անծանոթ, Բերդ քաղաքի բնակիչ,1966թ. ծնված Վիկտոր Օրդյանին,վերջինիս կողմից իրենից խուսափելու, անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաեւ Օրդյանի աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծել է, որ վերջինս Ադրբեջանի քաղաքացի է, նա ցանկանում է ծոցագրպանից զենք հանել: Ա. Հակոբյանն իր մոտ գտնվող որսոորդական հրացանով, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է, որի հետեւանքով Վ. Օրդյանը ստացել է հրազենային վնասվածք:
Նախկինում չդատված Ա. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (« Սպանության փորձը»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Բերդ քաղաքում ընթացող դատավարության ժամանակ քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը Ա. Հակոբյանին մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով(«Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»):
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրից տեղեկացանք, որ դեկտեմբերի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը Ալիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ