Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր ներկայացրեց Իրաքից Հայաստան տեղափոխված երեք ընտանիքների անդամներին:
Նա ասաց, որ միայն այս երեք ընտանիքը չէ, որ Հայաստան էր տեղափոխվել, մնացածը պարզապես չհարմարվեցին պայմաններին ու հեռացան: Այստեղ մնացած երեք ընտանիքները հիմա բնակվում են Զվարթնոց գյուղում:
Հայաստան տեղափոխված Բշար Խանը պատմեց, որ Իրաքի Շանգալ կոչվող բնակավայրում էին ապրում ու Եվրոպայի փոխարեն Հայաստան եկան, որովհետեւ լսել էին հայերի ու եզդիների բարեկամության մասին: Նա համեմատություններ արեց հայոց ցեղասպանության եւ եզդիների՝ անցած տարի սկսած կոտորածների միջեւ. «Ինչպես հայերը 1915-ին սփռվեցին ամբողջ աշխարհում, նույնը անցած տարվանից եզդիների հետ կատարվեց»:
Նա պատմեց, որ իսլամիստները ներխուժել են իրենց գյուղ, կոնկրետ պայման դրել՝ կամ իսլամ եք ընդունելու կամ բնաջնջելու ենք ձեզ. «Մեր գյուղում ամեն ընտանիք իր զենքն ուներ, բայց չէինք կարող այդ զենքերով պայքարել նրանց դեմ, թույլ էին մեր զենքերը, ստիպված գյուղից տեղափոխվեցինք լեռներ, լեռներում ինքնաթիռներով մեզ համար ուտելիք էին գցում, բայց չգիտենք՝ որ երկրի ինքնաթիռներն էին: Մեր հարեւան գյուղերում հայկական ընտանիքներ կային, բայց լեռներ գնալուց հետո այլեւս չունենք նրանց ճակատագրի մասին տեղեկություններ»:
Կարդացեք նաև
Ազիզ Թամոյանն էլ նեղսրտեց. «Ի՞նչ են ուզում մեզնից, մեր տարածքը մեզնից վերցնում են, որը հազարավոր տարիներ մեր օջախն ու պատմական հայրենիքին է եղել, թող իմանան կրոնափոխ չենք լինելու: Եզդիները չեն ձուլվելու: Մեր խնդրանքն է ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ այլ երկրներին, որ օգնեն մեզ»:
Նա նաեւ ասաց, որ իսլամիստների բռնությունների արդյունքում հարյուրավոր եզդիներ գերևարեցին, միայն ութսուն աղջիկներ էլ ինքնասպան են եղել հանուն նամուսի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ