Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այդ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ են»

Դեկտեմբեր 02,2015 13:07

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական սահմանադրական իշխանությունը գտնվելու է այստեղ»,- դեկտեմբերի 2-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում կազմակերպած տեղեկատվական երկխոսության ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ «Նոր Հայաստանը» ողջունում է դեկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում կայանալիք «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքը: Ըստ նրա, դա կլինի միասնական ընդդիմության ամբողջականությանն ուղղված առաջին քայլը. «Եվ դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 7-ը, այս հրապարակում եւ հրապարակից դուրս մենք վստահ ենք, որ կտեսնենք ժողովրդի պահանջած, ըստ էության, միությունը, որը կբերի քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխության: Դա տեղի ունեցավ երեկվա մեկնարկով, հերթական անգամ մեր ոստիկաններին անիրավ հրամաններով ստիպելով իրենց արժանապատվությունը վատնել, սպառել կուսակցական շենքի պաշտպանության վրա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամեն օր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում ժողովրդական նիստեր կգումարվեն: Անդրադառնալով երեկվա իր մտադրությանը՝ ծաղկեփունջ դնել Հանրապետական կուսակցության շենքի առաջ՝ նա ասաց. «Ես չեմ սիրում իմ քայլերը մեկնաբանել, ծաղիկի քայլը կա՛մ հասկացաք, կա՛մ չհասկացաք: Չհասկացողների համար հետեւյալ ուղղորդումը տամ՝ երեւի առաջին անգամն է հայոց պատմության ընթացքում, երբ ոստիկանությունը չարաշահվում է, օգտագործվում են (մեծամասամբ այնտեղ կարգին տղերք կան կանգնած, հասկացող): Իշխանությունը բռնազավթած կուսակցության շենքը պաշտպանել ոչ միայն քաղաքացուց, այլ նաեւ ծաղիկից, սա բնորոշում է մեր իրավիճակը: Փակված ճանապարհներ, շենքերի պաշտպանություն ծաղկեպսակից, հետո խոսում են Սահմանադրության, իրավաչափության, դեմոկրատական արժեքներից: Դա «բարի ճանապարհ» է, դա հրաժեշտ է:

Կան կարգին հանրապետականներ, թո՛ղ իրենք կանգնեն ասեն, որ սա է մեր սխալը, բայց անխուսափելի է, որ վերնախավը, որը պետական հանցագործություն է կատարել, որ ընտրություն է գողացել, քաղաքացու է վախեցրել, արժանապատվազրկել, ժողովրդի անկախ դատարանի առջեւ մեր նման՝ հավասարը-հավասարի, պետք է պատասխանատվություն կրել: Խոսքը պարկեշտների մասին է, իսկ ծաղիկները միգուցե այդ լույսի տակ մեկնաբանվեն, այդ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ են, որովհետեւ այդ կուսակցապետությունը, որն ուզում են ամրագրել արդեն կեղծ կասեցված հանրաքվեով եւ փոխարինել Հայաստանի Հանրապետությունը իրենց կուսակցությամբ չի լինելու: Արդեն ժողովուրդը հիմա եզակի, վերջին չասեմ, հնարավորություն ունի բացառելու այդ հնարավորությունը:

Ծաղկեպսակն այնտեղ պետք է դնեի, բայց վազեց պարոն Օսիպյանը եւ ոստիկանական ղեկավարությունը, եւ ես պատիվ ունեի Հանրապետական կուսակցությանն ուղղված ծաղիկները տալ Օսիպյանին, ինքն էլ շնորհակալություն հայտնեց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031