ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնավոր չի համարում պնդումները, թե առաջարկվող նոր Սահմանադրությունը Հայաստանի ազգային անվտանգությունը խոցելի է դարձնում:
«Այո-ի կողմնակիցները փորձում են փաստարկներ բերել, թե ինչու պետք է ասել այո: Ոչ-ի կողմնակիցները ընդամենը մի բան են ասում՝ եթե դուք ասում եք «այո» այս Սահմանադրությանը, «այո» եք ասում այս իշխանություններին: «Ոչ»-ի կողմնակիցների կողմից սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հիմնավորված մեկնաբանություններ չեմ լսել, այսինքն՝ հանրաքվեն դարձրել են իշխանության նկատմամբ վերաբերմունքի արտահայտում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:
Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ մտավախություն հայտնեց, որ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, ապա արտակարգ իրավիճակներում, օրինակ` Թուրքիայի կողմից անակնկալ հարձակման դեպքում, խնդիր է խորհրդարանին օպերատիվ հավաքելն ու դիրքորոշում հայտնելը. «Մեր դիմաց կանգնած է Եվրոպայի ամենահզոր բանակը, միայն 500.000 հետեւակայաններով: Մեր դիմաց Կարսի ու Էրզրումի ուղղությամբ կանգնած է երկու թուրքական հրասայլային միավորում: Ինչո՞ւ են այդտեղ կենտրոնացել, որովհետեւ այդ հատվածում Արաքս գետը մեզ չի պաշտպանում: Այդ հրասայլերը ուղիղ մեկ ժամ 45 րոպե հետո կհայտնվեն մեր երկրում: Այսինքն, ֆորսմաժորային ցանկացած իրավիճակում մենք խորհրդարան երբեք չենք կարող հավաքել»: Նա պնդեց, որ նոր Սահմանադրությունը օպերատիվ գործողությունների հնարավորություններ չի տալիս:
Խոսրով Հարությունյանն առարկեց. «Ենթադրենք, որ գործող Սահմանադրությամբ մեկ-երկու շարասյուն արդեն սահմանն անցել է, ինչ է անելու երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, գլխավոր շտաբի պետն ու ՊՆ նախարարը: Նույնիսկ այդ պահին, եթե նախագահը գտնվում է գործուղման մեջ, առաջին որոշումը կայացնելու ամբողջ պատասխանատվությունը դրվում է գլխավոր շտաբի պետի ու ՊՆ նախարարի վրա»:
Կարդացեք նաև
Հետո նա նկատեց, որ Հայաստանում ռուսական 102 ռազմաբազան ոչ թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հակակշիռն է, այլ՝ հայ-թուրքական հակակշիռը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ