Դեկտեմբերի 3-ին «Մեցցո» երաժշտական ակումբում համերգով հանդես կգա բրիտանացի բլյուզ-ռոք երաժիշտ Բեն Փուլը: Համերգը նախաձեռնել են Եվրոպական բլյուզ կրուիզ (European Blues Cruise) ամենամյա ծովային երաժշտական ճամփորդության կազմակերպիչ՝ Voyages Byblos ճամփորդային ընկերությունը եւ Բլյուզի հայկական ասոցիացիան: «Փուլը երիտասարդ եւ խոստումնալից աստղ է, որի խիտ ճամփորդությունների ժամանակացույցում տեղ գտանք երկու համերգով: Մյուսն էլ կկայանա դեկտեմբերի 4-ին՝ Kami ակումբում»,-այսօր «Մեցցո» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բլյուզի հայկական ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանը:
Բեն Փուլն ասաց, որ շատ ուրախ է Երեւանում նվագելու հնարավորության համար. «Սա լավ առիթ է՝ Ձեր քաղաքին ծանոթանալու համար: Համերգի ժամանակ հայ երաժիշտները նույնպես միանալու են ինձ, իսկ թե ովքեր են նրանք, անակնկալ է»:
Երաժիշտի խոսքով. «Դժվար է բլյուզի մեջ դասակարգումներ անել, այն լսում եմ տարբեր երաժշտական ուղղությունների՝ ջազի, ռոքի համադրությամբ: Դա հոգուց բխող երաժշտություն է: Չեմ կարող ասել, որ բլյուզը որպես երաժշտական ուղղություն կոնկրետ առաքելություն ունի, այն պետք է մարդու սրտից բխի»:
Կարդացեք նաև
Բեն Փուլը սիրված է նաեւ նրանով, որ կատարում է հայտնի երաժիշտների ստեղծագործություններ: «Իմաստ չեմ տեսնում cover-ները կատարել այնպես, ինչպես դա անում են դրանց հեղինակ-երաժիշտները: Ես յուրովի եմ մատուցում այդ երգերը»,-նշեց Փուլը: Նրան հաճախ համեմատում են ամերիկացի հայտնի բլյուզ-ռոք կիթառահար Ջո Բոնամասի հետ, ինչը, Փուլի խոսքով, մեծ պատիվ է իր համար: Նա ասաց, որ բախտ է ունեցել նվագելու հայտնի երաժիշտների հետ. «Ամենակարեւոր խորհուրդը ստացել եմ Գարի Մուրից: Երբ պատանի էի, նա ասաց՝ «մի արագացրու, թող որ կիթառը շնչի»: Դա այն խորհուրդն էր, որը նրան տվել էին մեծ երաժիշտները»:
Հավելենք, որ մինչեւ Երեւան ժամանելը Փուլը համերգներով հանդես է եկել Միացյալ նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ