«ՉԻ» զրուցակիցն է «Ապարան» գնդի հրամանատար, ներկայումս «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
– Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբավորման անդամների մեջ, փաստորեն, ազատամարտիկներ կային։ Նրանցից երկուսի անունն արդեն հրապարակված է: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։
– Ես միշտ էլ վստահ եմ եղել եւ հիմա էլ համոզված եմ, որ եթե ազատամարտիկ կա որեւէ խմբավորման մեջ, նշանակում է՝ այդ խումբը հակապետական բան չպիտի անի, որովհետեւ ազատամարտիկի կյանքով է այդ երկիրը ձեւավորվել։ Դժվար թե լինի ազատամարտիկ, որը ներքին ցնցման կամ վտանգավոր որեւէ քայլի տանի այս պետությունը։
Վնասազերծված խումբը ներկայացվել է որպես ահաբեկչական խմբավորում։ Հիմա նայում եմ՝ ազատամարտիկներ կան այդ խմբում։ Կարծում եմ՝ կամ իրենք չեն իմացել, որ դա հակապետական կամ ահաբեկչական խմբավորում է եւ հայտնվել են այդտեդ, կամ եթե այդտեդ կան, նշանակում է՝ իրականում այդ խմբի գործունեությունը չէր կարող ահաբեկչական լինել։
Կարդացեք նաև
Ըստ իս՝ չկա ազատամարտիկ, որ իր կամ իր ընկերների կյանքով ձեռք բերած պետության հանդեպ հանկարծ դավաճանություն անի։ Իսկ եթե Հայաստանում որեւէ ահաբեկչական գործողություն անեն, ապա մեր երկրի համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի։ Մենք այսօր Հոկտեմբերի 27-ից հետո չենք կարողանում խելքի գանք, ուր մնաց՝ երկրորդ նման դեպքը։
Ամեն դեպքում, եթե այդ խմբում իրականում եղել են ազատամարտիկներ (ինչին չեմ ուզում հավատալ), նշանակում է՝ այդ խմբի իրական նպատակներն ուրիշ են եղել։ Դրանք չէին կարող պետության կամ Սահմանադրության դեմ ուղղված լինեին։ Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա։
Մյուս կողմից էլ այսօր քաղաքական հայացքների համար մեր ազատամարտիկները իշխանությունների համար խոցելի թիրախ են դարձել, բայց այս դեպքում, եթե այս խմբավորումը ներկայացվում է որպես ահաբեկչական, ես չեմ ուզում հավատալ, որ որեւէ ահաբեկչական խմբի հետ որեւէ իրական կռված ազատամարտիկ գործ ունի, իսկ այդ տղաներն իրականում կռված տղաներ են:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում