Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղուց ժամանակն է հրաժարվել «փրկիչներից». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 02,2015 11:32

ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս, որպես կանոն, իրենց չափից ավել ինքնավստահ են պահում, քանի որ համոզված են, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ կհաջողվի իրենց համար ցանկալի արդյունք արձանագրել։ Իսկ որտե՞ղ են թաքնված ինքնավստահության արմատները։

Վերջին տասնհինգ տարիներին Հայաստանի ընդդիմադիր գործիչների քարոզչության մեխը փաստացի դարձել է հեսա-հեսա Հայաստանի կործանում կանխագուշակելը եւ իրենց «փրկչի» դերակատարություն վերապահելը։ Երկրի մոտալուտ կործանումը կանխագուշակող ընդդիմադիրը, եթե անգամ ի սկզբանե չեն հավակնել «փրկիչի» դերին, միեւնույն է՝ որոշ ժամանակ անց մեխանիկորեն դարձել են այդպիսին կամ իրենց թիմակիցների կողմից են հռչակվել որպես այդպիսին։ Բնական է՝ եթե քաղաքական գործիչը հայտարարում է, որ իշխանությունների պաշտոնավարումը եւս մեկ տարի կամ մեկ ամիս շարունակվելու դեպքում Հայաստանը կործանվելու է, ապա ունկնդիրը նրանից պահանջում է «փրկել» հայրենիքը։

Իշխանությունների համար տեխնիկայի հարց է ընտրական գործընթացներից դուրս «փրկիչներին» վնասազերծելն ու այդպիսով հասարակությանը հիասթափության հերթական դոզան հաղորդելը։ Մինչ օրս նման շարժումները, որպես կանոն, «վնասազերծվել» են համապատասխան ֆինանսավորման աղբյուրը կտրելու ճանապարհով։ Վերջին 15 տարիներին մենք նման մի քանի դեպքերի արդեն ականատես ենք եղել։ Վերջին ամենաթարմն էլ այս տարվա փետրվարին տեղի ունեցավ։

Ընտրական գործընթացների ընթացքում ընդդիմադիր շարժումները հաջողել են միայն 2003, 2008 եւ 2013 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ։ Պատճառը կրկին նույն՝ «փրկչի» քարոզչության արդյունքն է, որն, անշուշտ, էֆեկտիվ է։ Սակայն այդ շարժումները եւս արդյունքի չհասան, քանի որ չավարտվեցին իշխանափոխությամբ։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ընդդիմությունը փաստացի դարձել է իր վարած քարոզչության գերին եւ զոհը։ «Վերջը» կանխագուշակողները ստիպված են անընդհատ բզկտել իրենց եւ մնացած ընդդիմադիրների բոլոր տեսակի ռեսուրսները, կլինեն դրանք ֆինանսական, թե մարդկային, էական չէ։ Արդյունքում, ընդդիմությունը ընտրական գործընթացներին, որպես կանոն, մոտենում է կիսատ-պռատ կազմակերպվածությամբ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031