«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա համակարծիք է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կայացրած որոշմանը։
– Պարոն Մովսիսյան, ըստ ԱԺ էթիկայի հանձնաժողովի՝ Դուք խախտել եք ԱԺ կանոնակարգ օրենքը եւ պատգամավորին ոչ վայել վարքագիծ եք դրսեւորել։ Արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ Ձեր կողմից վարքագծի խախտում է տեղի ունեցել։
– Հիմա որոշում է, կայացրել են, դա իրենց խնդիրն է, ինչ անենք, մարդիկ են, որոշում է, կայացրել են, ինչ անենք, տենց որոշումներ էլ են լինում։
…Դա էլա մարդու համար, որոշումն էլ պետք է լինի, պատգամավորի համար էլ կան որոշումներ, որ պետք է կայացնեն։ Հիմա, եթե մեկը մեկին վիրավորի, պետք ա ասեն, որ վիրավորելա, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, վիրավորել են, ասում են։ Ո՞վ է ասելու, թե չես վիրավորել, եթե մարդը մի բանա անում, ասում են՝ դու արել ես, սենց բան ես արել։
Կարդացեք նաև
Ազգային ժողովի հանձնաժողովն էլ որոշում է, կայացրել է, հիմա ինչ անենք, ամեն մեկն էլ հելնում, մի բանա ասում դրա մասին, ինչ կա, կա, էտա։ Մի դրեք մի բանը անընդհատ ասեք, չափազանցրեք, խառնեք իրար, ինչ կա, բոլորն էլ գիտեն։ Հարց եմ տալիս հիմա, եթե մեկին հայհոյես, մեկին վիրավորես, էդ մեկն ասելու ա՝ դու քեզ լա՞վ ես պահել, չէ, չի ասի, ինքն էլ կսկսի քո ասածին հակառակն ասել, քեզ վիրավորել, ոչ մեկն էլ չի դնի, քեզ գովի, ասի՝ հա, ապրես, որ տենց բան ես արել։ Չեն ասի, իհարկե։
– Բայց եթե խորհրդարանում արդեն հայտարարեն, որ Դուք խախտել եք ԱԺ կանոնակարգը ու պատգամավորին ոչ վայել արտահայտություն եք արել, դրանից հետո Դուք փոխելո՞ւ եք Ձեր վարքագիծը։
– Ով ինչ անում է, ասում է՝ չգիտեմ, բայց ես ասում եմ՝ իմ երկրի ղեկավարությանը, նախագահի հասցեին, մեր նախարարների հասցեին, պաշտպանության նախարարի հասցեին ու մնացածին իմ մոտ որեւէ մեկը եթե համարձակվի, հայհոյի, ապա ես կթքեմ էրեսին։ Էլ ինչ ասեմ Ձեզ, ես տենց եմ որոշել, ես հազար անգամ դրա մասին ասել եմ բոլորի ներկայությամբ։ Բոլորն էլ գիտեն, որ ես տենց եմ անելու, որովհետեւ ոչ մեկն էլ իրավունք չունի մեր երկրի ղեկավարությանը ինչ-որ ձեւով հայհոյի կամ վիրավորի։ Եթե վիրավորեն, կստանան նույն պատասխանը, ինչ-որ իրենք են հայհոյել։ Ես գաղտնիք չեմ պահում իմ անելիքները։ Որոշում են, թող որոշեն, սա էլ իմ որոշումն է, եթե ինչ-որ մեկն անշնորհքություն անի, ես էլ նման ձեւով եմ պատասխանելու։ Ես չեմ կարա նստեմ հանգիստ, եթե վիրավորում են երկրի ղեկավարությանը, ես դրա մասին հազար անգամ ասել եմ: Վերջ, էս էլ իմ որոշումն է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում