Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շմայսը խելքի՞ կգա

Դեկտեմբեր 02,2015 10:00

Կփոխվի Սահմանադրությունը, թե ոչ՝ կուսակցությունները թերեւս պետք է մտածեն, թե ում են նրանք «գործուղում» խորհրդարան: Թե կիսանախագահական եւ թե խորհրդարանական մոդելի դեպքում Ազգային ժողովի դերը հսկայական է, իսկ քաղաքացիների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ ձեւավորվում է պատգամավորների մտավոր մակարդակի գնահատականներից: Այս պահին օրենսդիրների մեծ մասի մակարդակը ահավոր ցածր է: Մենք ասում ենք՝ Ազգային ժողով, հասկանում ենք՝ Շմայս, գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր եւ այլն: Միայն երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը 100 տոկոսով կազմված են գրագիտության որոշակի նշաձող ունեցող մարդկանցից, մնացած խմբակցություններում կան «շմայսատիպ» երեւույթներ:

Դուք կասեք, հավանաբար, որ գործարարներին, գողական եւ քրեական հակումներ ունեցող մարդկանց ավելի հեշտ է պատգամավոր դառնալ իշխանության թիմից: Դա ճիշտ է, բայց` միայն մասամբ: Միանգամայն հնարավոր է, որ այդ մարդիկ խորհրդարանի աշխատանքին մասնակցեն ոչ թե անձամբ, այլ proxy-ների, «փոխարինողների» միջոցով՝ դրա համար ընտրելով գրագետ մարդկանց: Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր, ՆԱՏՕ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի կապը հայտնի գործարարի հետ հայտնի է, բայց ոչ ոք, կարծես թե, կասկածի տակ չի դնում նրա՝ բարձրագույն օրենսդիր մարմնում աշխատելու ունակությունները:

Հայաստանի քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան մեր Ազգային ժողովի միջին մակարդակը: Մեր երկրում ապրում են տարբեր ոլորտների, այդ թվում նաեւ իրավագիտության եւ տնտեսագիտության փայլուն մասնագետներ, որոնց ներուժը հնարավոր է օգտագործել օրենսդիր աշխատանքում: Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններ օգտվելու այդ ռեսուրսից: Պարտադիր չէ՝ մարդիկ պատգամավոր դառնան զոռբայությամբ, բռնությամբ կամ փողով:

Բայց եթե, այնուամենայնիվ, որեւէ մեկը հայտնվել է խորհրդարանում եւ իրեն պահում է «պատգամավորին ոչ հարիր ձեւով», ապա մի քանի նախազգուշացումից հետո նա պետք է զրկվի մանդատից: Երեկ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում էր ընդունել` իր հայհոյախառն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին: Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք է, ոչ պաղ: Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում է իր քյաբաբնոցներում:
Քանի հասարակական կարծիքը Հայաստանում ոչ մի «կազմակերպչական ձեւ» չի ստանում, նման «թեթեւ» անդրադարձները ոչ մի օգուտ չեն բերելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Չես կարող՝ պատգամավորին զրկել մանդատից, որովհետև նա հայհոյում է։ Մանդատը՝ տալիս են ընտրողները։ Շմայսի դրությունը՝ առավել քան ապահով է՝ նա ընտրվել է մեծամասնականով, ունի առաջնային մանդատ՝ տրված ընտրողի ամիջական քվեով։ Ւնչպես եք պատրաստվում մարդուց վերցնել ընտրողի վստահության քցեն? ..)))… Ժողովրդավարական երկրում՝ դա անհնար է…
    Եթե դիմում եք ՀՀԿ-ին, որ պատժի Շմայսին՝, ապա դա ժողովրդավարությունը ոտնատակ տալու կոչ է։ Ոչ մի կուսակցություն չպետք է կարողանա պատժել որևէ ընտրված պատգամավորի՝ դա ժողովրդավարության հիմքն է։ Արդարադատությունը չի կարող զբաղվել Շմայսով՝ դրա համար անրաժեշտ է մեացած պատգամավորների թույլատրությունը։ Աշխարի ոչ մի երկրում՝ դուք հայհոյելու համար, նման թույլատրություն՝ չեք ստանա։
    Իր պատգամորական «գործունեության» ընթացքում Շմայսը անձեռնամխելի է՝ հայհոյելը չի մտնում այն հանցագործությունների մեջ, որոնց համար՝ ընտրված պատգամավորը կաչող է պատասխանատվության ենթարկվել։ (Արամ Մանուկյանի օրինակը)։
    Լավագույն դեպքում՝ կարող եք դիմել Շմայսի ընտրողներին, որ հաջորդ անգամ չընտրեն..))).. Իսկ ձեր ունեցած ընտրական համակարգի, ՀՀԿ-ի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, «նախագահի», և այլն… պայմաններում՝ Շմայսատիպները (Արամմանուկյանատիպները…) անընդհատ «ընտրվելու» են, և անընդհատ հայհոյելու են…
    Չի կարելի «կրթել» պատգամավորին, եթե «անկիրթ» են ընտրությունները, իսկ ընտրությունները անկիրթ են, որովհետև՝ միջոցառում են… Պառլամենտ՝ Հայաստանատիպ երկրներին պետք չի… Առաքելական մոլլան և Կենտկոմի առաջին քարտողարը՝ ձեզ լրիվ բավական են՝ երկիր կառավարելու համար..)))..
    Շմայսը խելքի գա, որ ինչ անի?..)))..

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Մենք ասում ենք՝ Ազգային ժողով, հասկանում ենք՝ Շմայս, գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր եւ այլն: ==
    Ներեցեք, իսկ ո՞վ է վերը նշած ՛՛ինտելեկտուալների՛՛ թեկնածությունը պաշտպանել, չեք հիշո՞ւմ…
    Երբ Սուրիկ Խաչատրյանին իր կենսագրության հետ անհամատեղելի կերպով նորից մարզպետ նշանակվեց, ժողովրդից ներողություն էիք խնդրում, որ լավ չեք աշխատել, եթե լավ աշխատեիք, ՛՛իգեմոնը՛՛ նրան ընդհակառակը՝ կպատժեր: Դե հիմա ո՞նց չհարցնես.
    – Յա՛, իրո՜՞ք…
    Եթե այդ ներողությունն իրոք անկեղծ էր, ապա Դո՛ւք, հարգելի պրն Աբրահամյան, պետք է Ձեր բոլոր հոդվածները ներողությամբ սկսեք, հենց միայն այն բանի համար, որ ձեր նախագահը ամբիոնից հայտարարում է, թե Հայասատանի քաղաքացու հետ պետք է դուք-ով խոսել, իսկ ինքը ոչ միայն քաղաքացիների, այլև նախարարների հետ է պաշտոնական հանդիպման ժամանակ դու-ով դիմում /հիշում եք՝ Դերո, Տիգրան, Սեյրան…/, դե իսկ շեֆի օրինակից խանդավառված՝ բժիշկները, ոստիկանները, արդեն նաև դատավորները լրիվ անցել են ՛՛դու՛՛-ի:
    Մի ժողովրդախոսակցական ՛՛գոհար՛՛ էլ ներկայացնեմ ձեր նախկին աշխատակից, ՀՀԿ մարտնչող պատգամավոր Մարգարիտա Եսայանի ՛՛այո՛՛ քարոզարշավից.
    ՛՛Ես զարմանում եմ, թե էս կնիկը 30 տարի քեզ ոնց ա դիմացել…՛՛
    Ճիշտն ասած, սրտխառնուք առաջացնող շատ փաստեր կարելի է վկայակոչել, սակայն եզրափակեմ մի հարցով.
    -Չեք պատրաստվո՞ւմ ներողություն խնդրել ժողովրդից, որ ոստիկանները /առանց վերևի հրահանգի/ երեկ փակել էին Երևան տանող ճանապարհները, ինչո՞ւ… 🙂

  3. Նարեկ says:

    Ձեր կարծիքի վերջին նախադասությունն ամեն ինչ ասում է` Քանի հասարակական կարծիքը Հայաստանում ոչ մի «կազմակերպչական ձեւ» չի ստանում, նման «թեթեւ» անդրադարձները ոչ մի օգուտ չեն բերելու

    ՇՄԱՅՍԱՏԻՊ-երին ոչ ոք չի ընտրել: Նրանք իմ, ձեր` ընտրողների առաջ հաշվետու չի, որ ազդվի ու խելքի գա: Նա հաշվետու է իշխանության առաջ, իսկ իշխանությունն ինքն է ու իր նմանները: Ու ստացվեց ,որ ելքը իշխանափոխությունն է` իսկ սա հասարակական կարծիքի կազմակերպչական ձեւ է:

  4. Լավատես says:

    Ճանճերն ու ուտիճները մեղավոր չեն, որ խոհանոցում իրենց համար կերակուր են գտել ու տաք տեղ:
    Ես ձեւական քաղաքացի եմ, որովհետեւ ոչ ինքս եմ բավարար պատասխանատվություն վերցնում պետության ապագայի համար ու դառնում պետական գործիչ, ոչ էլ ինձնից ավելի արժանավոր քաղաքացի եմ ման գալիս, որ ոչ միայն իմ ձայնս տամ, այլեւ փողով ու ուժով պաշտպանեմ իրեն հակառակորդ ուժերից:
    Հետեւություն՝ Ա քաղաքացին պարտավոր է ընդունել ուրիշ քաղաքացիների առաջարկը՝ դառնալ պետական գործիչ, Բ քաղաքացին պարտավոր է փողով ու ուժով աջակցել իր ընտրած գործչին, Գ լավ պետական գործիչները կընտրեն իրենցից ավելի լավ պետական գործիչների ու կաջակցեն նրան, իսկ նրանցից լավագույները կընդունեն բարձրագույն պաշտոնները:
    Մեզ արագ պետք է կազմակերպել արդյունավետ պետական կառավարում, որ արդյունավետ դիմադրենք շատ հավանական արտաքին թշնամական ուժերին:

  5. Կարո Մելիքյան says:

    Պ.Աբրահամյան. ես զարմանում եմ,որ Դուք զարմանում կամ դժգահում եք շմայսներից…,ամբողջ իշխանական համակարգն է շմայսապիպետների հավաքածու…Շմայսը ընդամենը՝ նրանց հարազատ պտուղն է եւ կատարում է իրեն վերապահված գործառույթները՝որպես հետեվակ, թիրախն էլ լրագրողներ եւ այլ թեթեւ քաշայիններ։ ՀՀԿ-ն, իր զինանոցից, ժամանակ առ ժամանակ օգտագործում է նաեւ ծանր հրետանի՝ կախված թիրախի քաշային կատեգորիայից,օրինակ՝Ծառուկյանի դեմ հանդես եկավ Սերժը։
    Հավանաբար ՀՀԿ-ում գոյություն ունի սադրանք իրականացնողների սանդակ՝ ըստ քաշային սանդղակի։ Տեսանք չե՞, թե ինչպես ԲՀԿ-ն համալրեց քամելեոն կուսակցությունների շարքը, մնացածների մասին էլ,,,
    Այնպես, որ, Շմայսն,նույնիսկ դրվատանքի է արժանի,որ երեվակում է (վերծանում է) ՀՀԿ-ի իրական դեմքը, իսկ Դուք ասում եք խելքի կգա՞…հենց որ խելքի գա նրան կուսակցությունից կվտարեն՝ իր պարտականությունները չկատարելու համար, այնպես որ….։
    Հույս ունենանք,որ լրագրողները գոնե չեն վերածվի քամելեոնների ,ողջ լինեք….։

  6. Գեւորգ says:

    Որպիսզի հասկանանք թե ինչու է այսպես ստացվում, եկեք երեւակայենք որ ես (կամ դուք) բախտի բերմամբ ամենազոր նախագահն ենք դարձել! Մեզ են դիմում ժողովրդական խանդավառ մասսաները, իրենց հույսերով, արդարության ու բարեկեցության սպասելիքներով եւ այլն: Մոտենում են լուսավոր ինտիլիգենցիայի ազնվագույն ներկայացուցիչները՝ իրենց խորիմաստ խորհուրդներով ու առաջարկներով, օգտակար եւ ոչ այնքան, բազմաթիվ նախագծերով եւ այլն: Դիմում են արվեստի գործիչները, զինվորականները, միանգամայն հասկանալի խնդրանքներով եւ այլն: Դիմում են հարեւան ու հեռու երկրները, զանազան պահանջներով ու առաջարկներով՝ ձգտելով հնարավորինս շահ կորզել, դիմացը քիչ բան վերադարձնելով եւ այլն: Բոլոր այս դեպքերում մեզնից մեծագույն լարված աշխատանք ու զգալի նյութական միջոցներ են ակնկալվում, որին մենք միշտ չէ որ ունակ ենք լիովին: Սակայն ահա, երկչոտորեն մեզ է մոտենում նաեւ մի այլ դասակարգ՝ որոնք ոչինչ չեն խնդրում (թեկուզեւ առայժմ), այլ իրենց խոնարհ ծառայություններն են առաջարկում՝ ,,նախագահ ջան քեզ երկար իշխանություն ենք ցանկանում, հիմա միայն ասա թե ինչ է պետք, ինչքան ա պետք, որի տերն անիծենք, որին հարսնություն անենք, մնացածն էլ ոնց կասես,, …… Ես մտածում եմ, թե ինչ դիրք կբռնեի ինքս այդ դեպքում … եւ պատասխանը չեմ գտնում!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031