Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում իրար հաջորդող պարտությունների պատճառը

Դեկտեմբեր 02,2015 15:00

Խնդիրը միայն եվրասիական կողմնորոշում
ունեցող պատվիրակներին ԵԽԽՎ գործուղելը չէ

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը իր հակահայկականությամբ գերազանցում է Ղարաբաղի մասին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» խորագրով զեկույցին: Նշենք, որ երկու զեկույցներն էլ քննարկվելու են հունվարին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:

Արդեն հրապարակվել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը: Այն կրում է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Հեղինակը Բոսնիայի եւ Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է:

Բանաձեւի նախագծում կա «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը: Մասնավորապես նշված է. «Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ շրջանների օկուպացիան համանման շրջակա միջավայրի խնդիր է ստեղծում նաեւ Դաշտային Ղարաբաղի հովտում ապրող բնակչության համար»:

Բանաձեւի նախագծի «պահանջներ» բաժնում նշվում է, որ պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն նշված շրջաններից, անկախ փորձագետներին հնարավորություն տրվի հետազոտել ջրամբարի իրավիճակը, համաշխարհային մակարդակով հետազոտություն իրականացվի Սարսանգի եւ Մատաղիսի ջրամբարների ոռոգման խողովակներում:
Փաստորեն, բանաձեւի այս նախագծում ամրագրված են բոլոր այն անկյունաքարային հայտարարությունները, որոնք ԵԽԽՎ նիստերի ընթացքում հնչում են ադրբեջանցի պատվիրակների շուրթերից: Ավելին, բանաձեւի նախագծով նաեւ դատապարտվում է հայկական պատվիրակության որդեգրած քաղաքականությունը. «Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը եւ ՀՀ իշխանություններին զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու մեջ: Վեհաժողովն այս վերաբերմունքը համարում է անհամատեղելի՝ որպես ԵԽ անդամ երկիր, Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ»:

Քաղաքագետներն այս փաստաթղթի վերաբերյալ հիմնականում ունեն նույն դիրքորոշումը. բոլորն էլ կարծում են, որ այն հակահայկական է, եւ ոչ մի լավ բանի չի հանգեցնի նման նախագծերի ընդունումը Հայաստանի արտաքին քաղաքականության համար:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առավոտի» հետ զրույցում թեեւ ԵԽԽՎ-ին առանձնապես մեծ դերակատարություն չի վերագրում, այլ կարծում է, որ ԵՄ-ն է ավելի ազդեցիկ մարմին, բայց միեւնույն ժամանակ նշում է. «Երբեմն մենք արտաքին քաղաքականության մեջ սխալներ ենք գործում: Բայց մենք չպետք է մեզ վտանգենք այսքան շատ անիմաստ զեկույցներով»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ գուցե իրո՞ք խնդիրը պատվիրակության կազմի մեջ է, քանի որ մեկը մյուսի հետեւից պարտություններ ենք կրում ԵԽԽՎ-ում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ թե պետք է պատվիրակության մեջ փնտրենք, այլ համակարգի՝ միջազգային կառույցների հետ աշխատանքում: Մենք պետք է մի համակարգ ձեւավորենք, որտեղ ԱԺ-ն, դիվանագիտական կառույցները եւ սփյուռքը կկարողանան միասին աշխատելով՝ հայկական շահերը պաշտպանել միջազգային ատյաններում»: Թեւան Պողոսյանը փաստեց, որ Ադրբեջանը լոբբիստական համակարգ է ձեւավորել, ինչը մենք չունենք. «Դա արել է փողով, թե խավիարով՝ էական չէ: Փաստն այն է, որ մենք չունենք այդ համակարգը»: Դառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության դերակատարությանը՝ Թեւան Պողոսյանը նշեց. «Այդ պատվիրակության դերակատարումը նման է առաջնագծում կանգնած տղաների վիճակին, երբ միեւնույն է՝ ումով էլ նրանց փոխարինես, ոչինչ չի ստացվի, եթե թիկունք չունեցան»: Մեր այն հիշեցմանը՝ գուցե տեղի՞ն են այն քննադատությունները, թե պետք չէր եվրասիական կողմնորոշում ունեցող պատվիրակներ ուղարկել ԵԽԽՎ, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Դա էլ է համակարգի խնդիր: Եթե գնալու ես աշխատելու ԱՊՀ խորհրդարանների համար, պիտի հասկանաս, թե ինչ տեսակետի, արժեքների տեր մարդկանց, ինչ համակարգ ես ուղարկում: Պիտի հասկանաս, թե այնտեղ այդ մարդը ոնց է ընկալվելու ու աշխատելու: Բայց մեզանում այդ մոտեցումը չի գործում, քանի որ մեզ մոտ ներքին կուսակցական խնդիրներն են առաջնային: Շատ ժամանակ փորձում են մեղքերն իրար վրա գցել, պարզել՝ Պողո՞սն է մեղավոր, թե՞ Սիմոնը»:

Մեր այն դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում իրար հաջորդող նման հակահայկական զեկույցների ընդունումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության «պտուղնե՞րն են», Թեւան Պողոսյանն արձագանքեց՝ եթե միայն ԵՏՄ-ի հետ կապեինք, ապա չէին լինի ՀՀ-ԵՄ թարմացված բանակցությունները, ամերիկյան ներդրումները: Ըստ Թեւան Պողոսյանի՝ եթե անգամ ասոցացման համաձայնագիր էլ ստորագրեինք, բայց այս համակարգը գործեր, միեւնույն է՝ ԵԽԽՎ-ում նման բանաձեւեր լինելու էին:

Պատգամավորին հիշեցրինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իրենց ընդդիմախոսներին առաջարկում է գնալ եւ աշխատել ԵԽԽՎ-ում, ու հարցրինք՝ Թեւան Պողոսյանը պատրա՞ստ է գնալ ու աշխատել Նաիրա Զոհրաբյանի ձեւակերպմամբ՝ «միլի մեջլիսում», պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ես երբեւէ որեւէ աշխատանքից չեմ խուսափել, բայց պիտի հասկանանք, որ աշխատանքի համակարգման հարցն է սա: Սխալ է խնդիրը փնտրել այնտեղ, թե մարդիկ լավ են աշխատում, թե ոչ: Բայց եթե անձնապես Թեւան Պողոսյանին է հարցը վերաբերում, ապա ես երբեք որեւէ աշխատանից չեմ խուսափել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031