Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտային ի՞նչ պայմաններում է ապրում Հայկ Կյուրեղյանը

Դեկտեմբեր 02,2015 14:00

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչակյան) մերժեց Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ սեպտեմբերի 15-ին դատապարտվել 9 տարվա ազատազրկման: Կյուրեղյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է վերացնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերացնել իր իրավունքների խախտումները եւ կայացնել գործն, ըստ էության, լուծող նոր դատական նիստ:

Դատարանը Հայկ Կյուրեղյանի բողոքն առանց պատճառաբանության մերժեց: «Առավոտի» հետ զրույցում Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, տեղեկացրեց, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ նրա` Վերաքննիչի վճիռը կանխատեսելի էր, քանի որ «ներկայիս դատական համակարգում հազիվ թե կգտնվի գոնե մեկ խղճով դատավոր»: Հարցին` հետեւաբար ինչո՞ւ են դիմել Վերաքննիչ քրեական դատարան, պարոն Կյուրեղյանը պատասխանեց. «Վերաքննիչ դատարան դիմեցինք, որ ցույց տանք դատական համակարգի սնանկությունը, որ հետո մարդիկ չասեին` ինչո՞ւ չդիմեցիք»:

Հայկ Կյուրեղյանը դատարանի դահլիճում հրաժարվեց պաշտպանից, հրաժարվեց իր վերաքննիչ բողոքում պատժաչափի հետ կապված բողոք ներկայացնել: Հարցին՝ համամի՞տ է Հայկի` իր ճակատագրին նման անփույթ կերպով մոտենալու հետ, հայրը պատասխանեց. «Կիսում եմ Հայկի տեսակետն այն իմաստով, որ ինքը ռեալիստ է: Տեսանք՝ Շանթի, Վոլոդյա Ավետիսյանի գործերով ի՞նչը փոխվեց, ոչ դատավորը մի բան փոխեց, ոչ փաստաբանը, ոչ էլ գրագետ ներկայացնելը: Հրահանգը վերեւից իջեցնում են, ու կատարվում է: Այստեղ հարց է առաջանում, թե հայ մարդն ինչպե՞ս պետք է պաշտպանվի նման ռեժիմից»:
Դառնալով Հայկի հետ տեսակցություններին՝ նրա հայրը պատմեց. «Հայկի հետ շփվում ենք ապակիներից այն կողմ՝ հեռախոսով խոսելու միջոցով»: Որդու առողջական վիճակի մասին պարոն Կյուրեղյանն ասաց. «Բանտում, իհարկե, մարդու առողջական վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը: Բանտային պայմաններում մարդը կարող է նիհարել, հյուծվել»: Արմենակ Կյուրեղյանը փոխանցեց նաեւ, որ Հայկի խցում շուրջ 10-ից ավելի բանտարկյալներ կան:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031