Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ ԼՂ-ի համար ամենավտանգավոր սցենարը

Դեկտեմբեր 02,2015 14:30

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ոչ չափից ավելի ջերմացումը, ոչ սրացումը ձեռնտու չեն Հայաստանին

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լեւիչեւը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության ենթարկելու մասին:

Ռուսաստանի «Հայերի միությունը» պաշտպանել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, ըստ ռուսաստանյան լրատվական գործակալությունների` «ՌԴ հայերի միությունը» Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին խնդրել է աջակցել նշյալ փաստաթղթի ընդունմանը: «ՌԴ «Հայերի միությունը» լիովին պաշտպանում է այդ օրինագծի ընդունումը, որն անհրաժեշտ է համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ է անում ձեզ պաշտպանել այդ հույժ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունը»,- ասվում է ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում:

Ա. Աբրահամյանի համոզմամբ` Ռուսաստանում նման փաստաթղթի ընդունումը կստեղծի համակարգային ու լուրջ մեխանիզմներ՝ ընդդեմ կեղծարարության ու պատմական փաստերի խեղաթյուրման: Նա փաստում է, որ կաշառված լրագրողներով, բլոգերներով, «փորձագետներով» եւ պետծառայողներով տարածված ապատեղեկատվությունը թույլ է տալիս ոչ թե թյուրիմացության մեջ գցել Ռուսաստանի քաղաքացիներին, այլեւ պղծել զոհվածների հիշատակը: Ա. Աբրահամյանը նաեւ երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին Հայոց ցեղասպանության հարցում օբյեկտիվ եւ հետեւողական դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացումից հետո ռուսական քարոզչամեքենայի կողմից նետված «խայծը«` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, դրականորեն Հայաստանում չարժանացավ այն արձագանքին, ինչն ակնկալում էին Ռուսաստանում:

Տարիներ շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրացումը, Ադրբեջանի հետ 2007-ից կնքված ռազմական ոլորտի պայմանագրերը` զենքի վաճառքի մասին, ՀԱՊԿ-ի «աչք փակելը» Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Թուրքիայի հետ Ռուսաստանի` բոլոր ոլորտներում լուրջ համագործակցությունը իրականում թողել են արդարացված «նստվածք» մեր հասարակության մեջ` Հայաստանի «ռազմավարական» դաշնակցի նկատմամբ:
Իսկ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանումից հետո արթնացած էժանագին եւ, ըստ էության, վիրավորական ժեստը Ռուսաստանում` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, բոլորի համար պարզ է, որ Կրեմլի համար այս պահի մի քայլ էր, որին իսկապես լուրջ չարժե վերաբերվել, ինչպես վաղուց նույնիսկ Ռուսաստանում լուրջ չեն վերաբերվում Ժիրինովսկուն:

Անսպասելի չի նաեւ այն, որ ռուսական էժանագին ժեստը փոխանակ ընդդեմ մեր ազգային արժանապատվության քայլ գնահատվի, ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանի համար հերթական առիթն է՝ Ռուսաստանին շնորհակալություն հայտնելու համար:
Ցանկացած երկիր իր որդեգրած համամարդկային արժեքների աստիճանի հիմքում է կայացնելու թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, թե՛ Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքի ընդունման որոշում:
Հազիվ թե Արա Աբրահամյանը գիտակցի, որ Ռուսաստանի սուր քննադատությունից Թուրքիայի հասցեին եւ իրականացրած պատժամիջոցներից գուցե առավելապես հենց Ռուսաստանն է տուժելու, եւ այդ քայլերը ժամանակավոր բնույթ են կրում: Ռուսաստանն ու Թուրքիան, առաջնորդվելով սեփական շահերով, վաղ թե ուշ հարթելու են հարաբերությունները, ինչը, ի դեպ, նաեւ Հայաստանի շահերից է բխում, իսկ Ռուսաստանում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության համար թեմայի թեժացման համար ոգեւորվածները մի օր պարզելու են, որ Ռուսաստանում այդ հարցը որեւէ մեկին այլեւս չի հետաքրքրում: Իսկ եթե իսկապես այդ հարցը Ռուսաստանում մի օր օրակարգային դառնա, դա չի իրականացվի ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման արդյունքում կամ որեւէ այլ քայլից հետո` Թուրքիայի «քթին խփելու» համար, դա պետք է արվի գիտակցված եւ համոզումով:
Հայաստանի իշխանությունների համար, պետք է նկատել, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ոչ չափից ավելի ջերմացումը, ոչ սրացումը իսկապես ձեռնտու չեն Հայաստանին: Այս իրավիճակում պաշտոնական Երեւանը հնարավորինս սառը մոտեցում պետք է ցուցաբերի` թույլ չտալով Հայաստանին վերաբերող խնդիրները շահարկել ռուս-թուրքական հարաբերություններում «հաշիվներ մաքրելու» նպատակով: Որքան չեզոք լինեն Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, այնքան Հայաստանը նոր թիրախ դարձնելու Ռուսաստանի քայլերը հիմք չեն ունենա:

Թուրքիան ու Ռուսաստանն այս պահին կարող են իրենց թույլ տալ ստիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ընտրել, թե ում է նա ավելի հավատարիմ` դաշնակից, մեծ եղբայր Թուրքիայի՞ն, թե՞ ջերմ ու վստահելի գործընկեր Ռուսաստանին: Այս իրավիճակում Ադրբեջանի նախագահին կարելի է չնախանձել, քանի որ երկու մերձավոր երկրների` Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումից ամենածանր վիճակում, թերեւս, ալիեւյան ռեժիմն է հայտնվել:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում բավական կոշտ առճակատում չպետք է թույլ տալ, որպեսզի տարածաշրջանային նոր խնդիրների հանգեցնի: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար դա ամենավտանգավոր սցենարը կդառնա:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չաբազանց յոռետես տեսակէտ է այս: Մռայլ եւ յուսահատական:

    Պետութիւնները կը գործեն միշտ ու միայն իրենց շահերի համաձայն, լաւ: Հենց այդ պատճառով ել, բազմաթիւ դարերէ ի վեր, վատ է մեր վիճակը, որովհետեւ բոլոր մեծ պետութիւնների շահերը ի վնաս մեզի եղել են միշտ:

    Հիմա, գոյացել է մի պահ, թէկուզ սահմանափակ եւ ժամանակաւոր, սակայն ժամանակակից պատմութեան մէջ՝ աննախընթաց, երբ կարող ենք մի քիչ ոգտվել Ռուսաստանի… շահերից:

    Եւ ասելու ենք՝ ո՞չ:

    Իսկ որ ասեցինք այդ, յետոյ ի՞նչ ենք անելու:
    “Plan B” կա՞յ:
    Լրջօրէն՝ չկայ:

    Նաեւ ասեմ, իսկապէս չհասկացայ ինչու մերժելու ենք ի նպաստ մեզի Ռուսաստանի քայլերը, Թուրքիոյ հետ անոր այժմու լարվածութեան կացութեան մէջ:

    Այդ ուղղութեամբ, վերեւ կը կարդամ հետեւեալը՝ «Որքան չեզոք լինեն Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, այնքան Հայաստանը նոր թիրախ դարձնելու Ռուսաստանի քայլերը հիմք չեն ունենա: »

    Այսինքն, պէտք է Ռուսաստանէն հեռու մնանք, Թուրքիայէն վախնալով… Կամ Թուրքիոյ դաշնակիցներէն՝ Եւրոպայէն եւ ԱՄՆ-էն վախնալով: Եւ ի՞նչ են անելու անոնք մեզի: Աւելի քան ինչ որ արդէն անում են:

    Արդարեւ, այդ ուղղութեամբ, «նոր» թիրախի նիւթ չկայ: Արդէն ներկայ կացութեամբ, ասկէ աւելի ի՞նչպէս կարող ենք տակաւին թիրախ լինել: Երեւի հարց տանք սահմանի զինվորներին – եւ քաղաքացիներին – …

    Այս յօդուածում արտայայտուած հիմնական կարծիքը հոյակապ կը լինէր, եթէ մենք ուժեղ երկիր լինէինք: Նուազագոյն չափով ինքնաբաւ երկիր: Իսկականօրէն, եւ ոչ թէ միայն գաղափարով, զգացումով:

    Ռուս-թրքական հակամարտութեան մէջ չեզոք լինել, ըստ էութեան, նշանակում է Թուրքիոյ կողմը բռնել:

    Ի դէպ, այդ ալ փորձել ենք, Էմմա… Արդիւնքը՝մեր ներկայ վիճակն է:

Պատասխանել