Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլետանտներ կան՝ Յութուբով հնարք են սովորել ու իրենց համարում են ուժեղ աճպարար»

Դեկտեմբեր 02,2015 13:30

Հարցազրույց Հայ աճպարարների միության
23-ամյա փոխնախագահ Հայկ Միքայելյանի հետ

-Հայկ, հարցազրույցին եկար ճիշտ նշանակված ժամին՝ ոչ մի րոպե ավել կամ պակաս: Ճշտապահությունը կապվա՞ծ է աճպարարության հետ:

-Դա երեւի խոր արմատներ ունի ընտանիքումս: Ասում են՝ երկաթուղայինները ճշտապահ են: Ճշտապահությունը, իհարկե, շատ կարեւոր է աճպարարի համար, քանի որ չպետք է 8 րոպեանոց համարը 15 րոպեում ցույց տրվի:

-13 տարեկանում երեխաները սովորաբար տարվում են բակային խաղերով, ֆուտբոլով: Ի՞նչը քեզ ստիպեց հետաքրքրվել աճպարարությամբ:

– Այդ տարիքում ֆուտբոլ, իհարկե, խաղում էի, նաեւ դպրոցական տարիքում թիմով չեմպիոն ենք եղել: Սակայն բնույթով մի փոքր ինտրովերտ եմ ու բակային խաղերին շատ չէի մասնակցում: Մարդու տեսակը կարող է շատ բան որոշել: Ավելի շատ գերադասում էի մենակ ինչ-որ բան բզբզել: «Թաքնված տաղանդ» հեռուստաշոուին մասնակցությունս առաջին մեծ փորձն էր ելույթ ունենալու մեծ լսարանի եւ լուրջ մարդկանց շրջանակներում:

-Թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի կրթությունն ստացել ես ծրագրավորման ոլորտում, այժմ էլ ասպիրանտուրայում ես: Ծրագրավորումն արդյո՞ք օգնում է աճպարարական հնարքները սովորելուն եւ կիրառելուն:

-Աճպարարության հետ ցանկացած մասնագիտություն կարելի է կապել: Լինի ծրագրավորող, դերասան, նկարիչ՝ կարելի է հետաքրքիր բան ստանալ՝ երկու մասնագիտությունների միքսով: Մասնագիտությունս ինձ շատ է օգնում, օրինակ, երբ վերլուծական միտք է պետք: Բացի այդ, ես նաեւ սրանով գումար եմ վաստակում:

Hayk_Miqaelyan

-Իսկ աճպարարությունը չի՞ կարող եկամտով ապահովել:

– Հետագայում հնարավոր է, եթե լինի լավ համար, սակայն, իհարկե, ոչ Հայաստանում: Այստեղ շուկան շատ փոքր է: Օրինակ՝ մարդ կարող է ունենալ 5 րոպեանոց մի համար, դա լինի մրցանակ շահած օրիգինալ մի ելույթ, եւ դրանով կարող է, ենթադրենք, 10 տարի ճանապարհորդել, նույն բանը ցույց տալ տարբեր փառատոների շրջանակներում եւ գումար վաստակել: Հայաստանում, երբ նոր բան ես փորձում, մի տեղ ցույց ես տալիս, լավ է անցնում, երկրորդ տեղում կրկին լավ է անցնում, երրորդ տեղում արդեն մարդիկ նույնն են, իսկ դու չես կարող ամեն երրորդ շոուն լրիվ նոր բան ցույց տալ:

-Մեկ հնարքին ամբողջությամբ տիրապետելը որքա՞ն ժամանակ է խլում:

-Ամեն հնարքը կարող է ամիսներ տեւել, եթե ուզում ես լավ տիրապետել: Խաղաքարտերով հնարքները համեմատած ավելի քիչ ժամանակ են խլում, քան բեմական շոուն, քանի որ վերջինս նաեւ պահանջում է սցենարի մշակում: Աճպարարության մեջ խաղաքարտերով հնարքները միկրոմագիայի ճյուղ են համարվում, այսինքն՝ հնարքներ ձեռքի տակ եղած իրերով՝ մետաղադրամներ, խաղաքարտեր, պտուտակներ, որոնք ցուցադրվում են մեկ մետր հեռավորության վրա: Ես նույնպես սկսել եմ միկրոմագիայից, ինչպես եւ հիմնականում սկսում են բոլոր աճպարարները, բայց հիմա ավելի շատ հետաքրքրում է բեմական արվեստը: Խաղաքարտերով զբաղվում եմ ուղղակի հմտությունը չկորցնելու եւ ամեն օր պրակտիկա անելու համար: 5000-ից ավելի այդպիսի հնարքներ կան:

-Հա՛յկ, ինչպե՞ս ստացվեց, որ 20 տարեկանում դարձար ՀԱՄ-ի փոխնախագահ, «մագիա՞ն» օգնեց:

-Ընտրություններ էին, եւ ես առավելագույն ձայներ ստացա, քանի որ այդ ժամանակ գիտելիքների փորձով նախագահ Վարդան Ամիրյանից հետո հաջորդը ես էի: Եթե մյուս ընտրություններին մեկ ուրիշն անցնի, մեծ հաճույքով կզիջեմ տեղս նրան: Այնպես չի, որ փոխնախագահ լինելն ուղղակի պաշտոն է եւ պարապության ես մատնվում, հակառակը՝ ավելի շատ պետք է աշխատես: ՀԱՄ-ի աշխատանքը կամավորության սկզբունքով է. սրանով մենք զբաղվում ենք մեր հաճույքի համար:

Hayk_Miqaelyan-2

-Երբեւէ փորձե՞լ ես աճպարարության միջոցով խաբել դիմացինին կամ ապացուցել քո ճշմարտացիությունը:

-Գայթակղությունը շատ է, իհարկե, բայց երբեք իմ կարողությունները չեմ կիրառում վատ նպատակներով: Օրինակ՝ հաճախ են ինձ ասում, որ կարող եմ խաղատներում լավ հաջողությունների հասնել, բայց ես երբեք չեմ փորձում: Թեպետ կյանքի այլ բնագավառներում կարելի է այն կիրառել՝ ուշադրության շեղման, մարդկանց համոզելու համար, բանակցություններ վարելիս:

– Հայ աճպարարների միության վարքականոնը թույլ չի տալիս բացել աճպարարական գաղտնիքները: Այնուամենայնիվ, եթե մի օր խախտվի այս կանոնը, ապա դա ի՞նչ պայմաններում կլինի եւ ի՞նչ պատիժ կհասնի միության փոխնախագահ Հայկ Միքայելյանին:

– Խախտումներ անելու համար դատ չի հասնում, բայց առաջ է գալիս աճպարարի պատվի ու հարգանքի հարցը. նրան սկսում են այլեւս լուրջ չվերաբերվել: Ընկերոջդ մի պարզ հնարք սովորեցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե դա արվում է մասսայական՝ ամեն առիթով եւ ամեն պահի, ընդունելի չէ:

-Շատերն են համեմատում աճպարարությունը քաղաքականության հետ, եւ դու միշտ գյումրեցուն հատուկ հումորով ես պատասխանում այս թեմայով հարցերին: Հետաքրքիր է՝ քեզ մոտ մանկության տարիներին երազանք եղե՞լ է երկրի նախագահ կամ որեւէ այլ քաղաքական գործիչ դառնալ:

-Մի լավ անեկդոտ կա, ասում են՝ ինչո՞վ է տարբերվում աճպարարը քաղաքական գործչից. աճպարարը նախապես է ասում, որ պետք է խաբի, իսկ քաղաքական գործիչը՝ հետո: Չեմ երազել նախագահ դառնալ, ոչ էլ քաղաքականության մեջ մտնել, միտք էլ չունեմ, չի հետաքրքրում:

-Ինչպե՞ս է ստացվել, որ քո ծննդավայրում՝ Գյումրիում դեռ ելույթ չես ունեցել:

-Պարզապես ընտանիքով մշտական բնակության համար տեղափոխվեցինք Երեւան, իմ կրթությունն ու աշխատանքն էլ այստեղ շարունակեցի: Ծրագրել եմ մի հետաքրքիր երեկույթ կազմակերպել Գյումրիի ջազ ակումբում: Իմիջիայլոց, արմատներս ինձ շատ են օգնում: Երեւի հենց այնպես չեն ասում, որ գյումրեցիները տաղանդավոր ժողովուրդ են: Արմատներիս առումով սիրում եմ գլուխ գովել:

– Հայտնի աճպարարներից ո՞ւմ ես ամենից շատ հետեւում եւ փորձում կրկնօրինակել հնարքները:

-Երեւի բոլոր աճպարարներն էլ ունեն իրենց հերոսին, ումից ոգեշնչվում են: Ես շատ ոգեշնչվել եւ մեծ էներգիա եմ ստացել Լենս Բարթոնից. մեր ոճերը շատ նման են, այս առումով էլ շատ հոգեհարազատ է: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե անձամբ ներկա գտնվեի նրա, ինչպես նաեւ Փենի եւ Թելլերի, Կոպերֆիլդի շոուներին, բայց հիմա հեռակա կարգով՝ ինտերնետի միջոցով եմ այդ ամենն անում: Ներկա եմ գտնվել Թիմո Մարքի ելույթին Ռումինիայում: Շատ դրական էմոցիաներ եմ քաղել նրանից. կարեւոր է, երբ աճպարարը կարողանում է մինչեւ ծրագրի վերջը մարդկանց ուշադրությունը գրաված պահել:

-Հայ աճպարարների մեջ մրցակիցներ ունե՞ս: Առհասարակ ինչպե՞ս ես վերաբերվում մրցակցությանը:

-Հիմա ուղղակի շատ են դիլետանտները, ովքեր Յութուբով ինչ-որ հնարք են սովորել ու իրենց համարում են ուժեղ աճպարար: Իրենց չեմ համարում մրցակից, այլ ուղղակի այս ոլորտը աղտոտողներ, իսկ մնացածին համարում եմ իմ ընկերները: Վարդան Ամիրյանն իմ ավագ ընկերն է: Նրանք, ովքեր աճպարարության մեջ որակ են դրսեւորում, համարում եմ ընկեր եւ ոչ մրցակից: Թեպետ մրցակցությունը միայն դրական եմ ընդունում, քանի որ դա կարող է աճպարարին ստիպել ավելի նոր բաներ սովորել ու նոր բաներ անել:

-Դեվիդ Կոպերֆիլդի հնարքները երբեւէ փորձե՞լ ես կրկնօրինակել: Ստացվո՞ւմ է:

-Դե, բնականաբար, իր մեծ ստենդ-ափ հնարքները չեմ կարող փորձել, դրանք լուրջ ռեսուրսներ են պահանջում: Իսկ միկրոմագիայի հնարքները փորձում եմ կիրառել, ու ստացվում են: Իրականում Կոպերֆիլդի հնարքներն իրենցից լուրջ բարդություն չեն ներկայացնում, ուղղակի ինքն է դրանք հայտնի դարձրել իր անունով:

Զրուցեց ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031