Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղինակը մի ոտքով կանգնած է հայ, մյուսով` եվրոպական պոեզիայի հիմքերի վրա»

Դեկտեմբեր 02,2015 13:00

Ասում է իսպանացի բանաստեղծը

Կենսանյութի եւ հոգենյութի մերանով է շաղախված Սլավի-Ավիկ Հարությունյանի` վերջերս Բարսելոնայում լույս տեսած «Անթռչուն երկինք» («El cielo sin pajaros») եռալեզու` իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն բանաստեղծական ժողովածուն:

Մի «հարկի տակ» զետեղված բանաստեղծությունները, ըստ էության, հայտանշում են հայ դասական եւ ժամանակակից բանարվեստի ավանդույթներն ու աստիճանական մակարդակը, թեմատիկ-գաղափարական, գեղագիտական միտումները` պայմանավորված մեր ժողովրդի ճակատագրով, հնօրյա ու նորօրյա իրադարձություններով: Այս իմաստով խնդրո առարկա գիրքը ուրախալի փաստ լինելուց զատ, ճանաչողական արժեք ունի եվրոպացի ընթերցողի համար, եւ խոսուն ապացույց է` հայ պոեզիայի մրցունակության առումով: Ավելին` ինչպես գրքի ծանուցագրում ներկայացնում է խմբագիր, առաջաբանի հեղինակ, անվանի իսպանացի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն. «Սլավի-Ավիկ Հարությունյանը ժամանակակից եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է: Զարմանալիորեն նրան հաջողվում է սինթեզել կինոյի, թատրոնի դրամատուրգիան, վեպի կառույցը եւ մյուս արվեստների գեղարվեստական հնարքները, 21-րդ դարի կարճ հաղորդագրությունների ռիթմն ու ոճը: Այս հատկություններն էլ նրա պոեզիան դարձնում է նորարարական»:

«Անթռչուն երկինք» ժողովածուի տպագրությունը նախաձեռնել է իսպանական հայտնի «Carena» հրատարակչությունը` «ժամանակակից եվրոպական պոեզիա» ծրագրի շրջանակներում:

Ժողովածուն բանաստեղծի` նույն հրատարակչության կողմից լույս ընծայված երկրորդ գիրքն է: Առաջին` «Ուշացած հեռագրեր»-ը («Telegramas tardios») լույս է տեսել 2011 թվականին` արժանանալով գրական եւ ընթերցող լայն հանրության ուշադրությանը ոչ միայն Իսպանիայում, այլեւ` իսպանալեզու երկրներում:

Հրատարակչությունը մինչեւ 2020թ. ձեռք բերելով «Անթռչուն երկինք» գրքի հեղինակային իրավունքը` ծրագրում է այն տարածել նաեւ Ֆրանսիայում, անգլալեզու երկրներում` կազմակերպելով շնորհանդեսներ, հանդիպում-քննարկումներ:
Ժողովածուի բազմաստիճան ու թարմ մտածողությունը, ժամանակի գունաստվերային անկասելի ռիթմը, աշխարհաքաղաքական սրընթաց բեկբեկումները, մտազգացական պատկերների հոսքը, իրերի, երեւույթների, իրողությունների բազմանշանակ կապերի բացահայտումները, դրանց խորքը թափանցելու, «բուն գաղտնիքները» բացահայտելու բանաստեղծի` փիլիսոփայության դոկտորի աշխարհընկալումը հանգեցնում են Երկիր մոլորակում մարդու տեղի ու դերի, Աստծու հետ հարաբերության, ազգային ինքնության պահպանման, մաքառման, խորհուրդ-խորինին: Այսինքն` բանաստեղծի մտահոգությունը կիզակետվում է Հայաստան-Արցախ աշխարհի, 21-րդ դարի մարդու ճակատագրին ընդհանրապես:

«Բանաստեղծի տողերում,- իր նախաբանում շարունակում է Խոսե Մեմբրիվեն,-հողեղեն ու երկրային իմաստություն կա…Հայաստանը` իբրեւ անցյալի եւ ապագայի միջեւ հանդես եկող անդրադարձ շրջանակ, սեփական մարդկային ինքնության մետաֆոր է` մի անցյալով, որի սիրով գերվում ենք, եւ որի ապագայով դառնում ենք ազատ»:
Այս ամենը հեղինակի գեղարվեստական համակարգում դիտարկված են մարդու ներաշխարհի զգայական-բանական-ոգեկան եռահարկ կառույցների բազմաշերտ էությունների համապատկերում:

«Սլավի-Ավիկ Հարությունյանը մի ոտքով ամուր կանգնած է հայ դասական պոեզիայի հիմքերին, մյուսով` խարսխված արդի քաղաքակիրթ Եվրոպայի մշակույթում»,- եզրափակում է իսպանացի խմբագիրը:

«Անթռչուն երկինք» գրքի թարգմանիչներն են Նարինե Այվազյանը, «Ալֆա-Մեգա» ընկերությունը, գրաֆիկան` Ելենա Սորրեի, դիզայնը` Մարիա Ռոխասի:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031