Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները Հյուսթոնում կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքները

Դեկտեմբեր 02,2015 12:30

Թեեւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային վերջնական ցուցակը կհրապարակի ավելի ուշ՝ կապված Բուլղարիայի որակազրկման հետեւանքով աշխարհի վերջին երկու առաջնություններում վաստակած միավորների հանրագումարը հաշվելու հետ, սակայն նախնական հաշվարկներով մեր հավաքականները պահպանել են տղամարդկանց 5 եւ կանանց 2 ուղեգրերը: Տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, կանանցը՝ 19-րդը: Սակայն չի բացառվում, որ դեպի վեր տեղաշարժ լինի, քանի որ մինչեւ IWF-ի ցուցակների պաշտոնական հրապարակումները, հնարավոր է, այլ երկրների մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքներ արձանագրվեն եւ թիմերից միավորներ հանվեն:

Հյուսթոն մեկնելուց առաջ թե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, թե երկու հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը լրատվամիջոցներին բազմիցս տեղեկացրել էին, որ իրենց գլխավոր նպատակը աշխարհի այս առաջնությունում նախորդ տարի վաստակած ուղեգրերի նախնական թիվը պահելն է եւ միայն դրանից հետո հանգամանքների հաջող զարգացման պարագայում մեդալների համար պայքարելը: Առաջադրանքի առաջին մասը կատարվեց, իսկ լիարժեք երկրորդին մի փոքր չբավականացրեց: Նկատի ունենք առաջին հերթին երկամարտի մեդալները: Բայց Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում մեկական փոքր բրոնզ նվաճեցին Հայաստանի հավաքականի համար: Այն էլ՝ աննախադեպ մասնակցության ու դաժան պայքարի արդյունքում: Դա միայն գովեստի է արժանի: Արդարության համար հարկ է նաեւ ասել, որ մեր ծանրորդները, հատկապես բարձր քաշային կարգերում, ապացուցեցին, որ միանգամայն ի վիճակի էին ավելին անել, եթե ճակատագիրը որոշ դեպքերում երես չթեքեր:

ՀԾՖ փոխնախագահ Վահան Խեչանյանն առաջնության ավարտից անմիջապես հետո «Առավոտի» հետ հեռախոսազրույցում գոհունակություն հայտնեց նաեւ ընդհանուր մասնակցությունից: «Առաջընթաց կա: Հուսադրում է, որ Հյուսթոնում հաջող հանդես եկան մեր երիտասարդները: Նրանք եւ ընդհանրապես մյուսներն էլ՝ ավելին անելու ներուժ ունեն: Առջեւում եկող տարվա Եվրոպայի առաջնությունն է ու օլիմպիական խաղերը: Հիմա մնում է մարզիչների ու հավաքականների թեկնածու ծանրորդների հետ միասին վերլուծենք արված աշխատանքը, առանց շտապելու վերացնենք նկատված խնդիրները եւ աշխատենք գրանցված կիլոգրամները բարձրացնելու վրա, որպեսզի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ավելի լավ հանդես գանք», – ասաց Վահան Խեչանյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031