Իսրայելաբնակ երաժիշտ Վահանգն Պապյանը չի հրաժարվի օպերային նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ կանգնելուց
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կողմից անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնին, որը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ից, մինչեւ վերջնագիծը հատելը մնացել է երկու միջոցառում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 2-ին «Հովեր» երգչախմբից կազմված սեպտետի եւ Երիտասարդականի հետ, դեկտեմբերի 5-ին «Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ջազ բենդի մասնակցությամբ համերգները: Փառատոնի ծրագրում այս տարի, որի խորագիրն է Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը՝ «Կյանքիս մեծագույն սերը՝ հայրենիք», 10 սիմֆոնիկ եւ 10 կամերային երեկոներից բացի, ընդգրկված էին նաեւ կոմպոզիտորի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետները: Հանդիսատեսին ներկայացվեց շուրջ 60 ստեղծագործություն, որից 6 համաշխարհային պրեմիերա՝ հայաստանցի եւ հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ: Փառատոնի աջակիցների՝ ՀՀ մշակույթի նախարարության, «ՎիվաՍել ՄՏՍ»-ի եւ «Լուդինգ» ընկերության շնորհիվ էր, որ 13-17 տարեկան պատանի երաժշտասերների ներկայությունը համերգներին անվճար էր: «Հույսի երաժշտություն» խորագրով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացվեց երկու ծրագիր երեխաների համար, բացի դպրոցի սաներից, ելույթ ունեցան նաեւ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, նշվեցին երաժշտարվեստի հայ երախտավորների հոբելյանները եւ այլն: Իսկ փառատոնն իրականացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո:
Օրերս «Առավոտը» «Խաչատրյան» համերգասրահում ներկա էր փառատոնային հերթական համերգին, որտեղ դաշնակահարի եւ դիրիժորի «գործառույթը» միաժամանակ ձեռքն էր վերցրել ճանաչված երաժիշտ Վահագն Պապյանը: Հնչեցին Մոցարտի երկու ստեղծագործությունները՝ «Կախարդական սրինգ» օպերայի նախերգանքը եւ դաշնամուրի թիվ 21 կոնցերտը եւ Սենսանսի երրորդ՝ «երգեհոնով» սիմֆոնիան (մենակատար՝ Հովհաննես Մանուկյան): (Ի դեպ, համերգասրահում երգեհոն հնչեց տարիների լռությունից հետո):
Մեր նպատակը Վահագն Պապյանին ներկայացնելը չէ, բայց մյուս կողմից է՝լ հայաստանյան իրականությունում հաճախ չենք հանդիպում երաժշտի, որը միաժամանակ հանդես գա եւ իբրեւ մենակատար, եւ իբրեւ դիրիժոր: Վերջին տարիներին Երեւանում հանդիպել ենք նման արտերկրյա երաժիշտների՝ Վլադիմիր Սպիվակովին, Յուրի Բաշմետին եւ Կոնստանտին Օրբելյանին:
Կարդացեք նաև
Իսկապես փառահեղ էր Մոցարտի դաշնամուրի կոնցերտի պապյանական մեկնաբանությունը: Նա կրկին փայլեց վիրտուոզ տեխնիկայով եւ նվագախմբի մոցարտյան երաժշտությանը բնորոշ նուրբ ղեկավարությամբ:
«Առավոտի» հետ զրույցում Վահագն Պապյանը հիշեց 1993թ., երբ Ռուբեն Ահարոնյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ինքը հնչեցրել էր դարձյալ Մոցարտի հիշյալ կոնցերտը: Դիտարկմանը, թե ճանաչված շատ երաժիշտներ ի վերջո տարվում են նաեւ դիրիժորական արվեստով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես դիրիժորությամբ սկսել եմ զբաղվել զրոյից: Արդեն կայացած դաշնակահար էի, միջազգային մրցույթների դափնեկիր, երբ 1982թ. ընդունվեցի Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան՝ Իլյա Մուսինի դասարանը»: Հետո էլ շարունակեց խոսքը. «Ըստ իս՝ դիրիժորությունն առանձին մասնագիտություն է: Ես մինչ այսօր սովորում եմ ու սովորում, երիտասարդներին էլ խորհուրդ կտամ, որ եթե ուզում են դառնալ նաեւ դիրիժոր՝ զինվեն համբերությամբ ու սովորեն ամեն օր: Հայտնի է, որ դիրիժորը դա երաժշտի ստեղծագործական ուղու երկրորդ կեսի մասնագիտությունն է… Ինձ մեկ-մեկ թվում է, թե դիրիժորությունը վերջերս եմ բացահայտում»:
1990թ. Իսրայելում մշտական բնակություն հաստատելուց հետո հայ երաժիշտը, նաեւ արտերկրում համերգային գործունեություն ծավալելուց բացի, մինչեւ անցյալ տարի դասավանդել է Թել Ավիվի երաժշտական ակադեմիայում: Մեր զրուցակցին հայտնեցինք, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են նման տիպի լուրեր, թե մենք դիրիժորներ չունենք, սա է պատճառը, որ եթե նշանակվում են մի նվագախմբի գլխավոր դիրիժոր, դա դառնում է ցմահ պաշտոն եւ երկրորդը՝ մեր փողային դպրոցը «կաղում» է: Երկրորդ հարցի մեր պատասխանին համամիտ էր Վահագն Պապյանը, այն է՝ կոնկրետ Երիտասարդականի համերգին 23 հոգուց բաղկացած փողայինները, ինչպես ասվում է երաժշտական շրջանակներում՝ եւ ոչ մի կիքս բաց չթողեցին: Առաջին հարցի առիթով էլ երաժիշտը, որը 1987-89թթ. հանդիսացել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ասաց. «Եթե վերցնենք համաշխարհային փորձը, ապա եղել են կամ գործում են 40, 50 տարի նույն կոլեկտիվը ղեկավարող, կամ էլ «կարճաժամկետ» գեղարվեստական ղեկավարներ եւ գլխավոր դիրիժորներ: Հայաստանի պայմաններում հարց որոշողները մշակույթի նախարարությունն ու կշիռ ունեցող երաժիշտներն են, մինչդեռ, օրինակ՝ Իսրայելում, մշակույթի նախարարությունը նման որոշում չի ընդունում: Մի բան կարող եմ ասել միայն՝ եթե որոշումը երաժշտասեր հասարակայնությունը ընդունում է եւ չի վիճարկում, ապա դա ճիշտ է: Իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը երեւացող է, քանի կոլեկտիվն աճում է, հանդիսատեսն էլ գոհ է՝ ուրեմն ղեկավարն իր տեղում է»:
Իսրայելի Աշդոդ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժորին հիշեցնելով ընթացիկ տարեսկզբին նրա ղեկավարությամբ Երեւանի օպերային թատրոնում կայացած Վերդիի «Տրավիատա» օպերան, հետաքրքրվեցինք՝ հաճախ սիմֆոնիկ երեկոներով հայրենիքում հանդես եկող արվեստագետին ինչու թատրոնում այլեւս չենք տեսնում: Վահագն Պապյանը նախ նշեց, թե 5 տարի Իսրայելի նվագախմբին զուգահեռ հանդիսացել է նաեւ Ղազախստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, հետո էլ ընդամենը հայտնեց հետեւյալը. «Մեծ հաճույքով եմ կանգնում օպերային նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ: Ժամանակին քանիցս ղեկավարել եմ ներկայացումներ Իսրայելի, Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոններում: Այդ թեմայով հեռախոսային զրույց եմ ունեցել Երեւանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.12..2015