Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուսի կատուն». աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ

Դեկտեմբեր 01,2015 23:03

«Մեր կյանքում շատ մարդկանց ենք հանդիպել, որոնք շատ հավանական է՝ էլ չկան այս աշխարհում, չենք հասցրել նրանց հետ լուսանկարվել… Նրանց լուսանկարները վերականգնելու համար եմ գրում, քանի որ նրանցից շատերն ապրում են բացառապես իմ հիշողության մեջ, դա անելու միակ հնարավորությունը նրանց մասին գրելն է»,- ասում է երիտասարդ արձակագիր Գրիգը:

Լույս է տեսել նրա առաջին՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն,  որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր «Հայ գիրք» գրախանութում:

12241478_924891170932016_5570444134317354424_n

Գրքում մեկտեղված ստեղծագործությունները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ՝ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ…

«Մա՛րդ եկավ գրականություն. դուռը կամաց թակել, մտել է՝ պատմվածքները ձեռքին, սպասում է:

«Մարդ»-ը իզուր չէ, որ շեշտվեց սկզբում, նորագույն սերնդի գրականության ամենատաղանդավոր հեղինակներից մեկը՝ Գրիգը, գրականություն է եկել մարդուն որոնելու, հասկանալու, ճանաչելու համար, ճանաչելով՝ չատելու, այլ սիրել կարողանալու համար, եկել է մարդուն, նրա դժվարին փորձությանը, նրա ծանր առաքելությանը՝ որ ապրելն է, զորավիգ լինելու համար:

…. Գլոբալացում, համահարթեցումներ, աղմկոտ վայրիվերումներ, խժդժոց, ունայնություն, քաղաքական, կրոնական հակամարտություններ, պատերազմներ… Այս ամենի ահարկու թրթուրների տակ որքա՞ն «Պուճուր մարդ» է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես ճզմվում… Դյուրին է սիրել ազգին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը, և անչափ դժվար է սիրել պարզապես ու իսկապես՝ մեկ մարդու, մեկ առանձին մարդու…»,- կարդում ենք գրքի առաջաբանում, որի հեղինակը գրքի խմբագիր, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է:

«Գրքի տպագրությունը ոգևորիչ է երիտասարդների համար: Ոգևորիչ է հատկապես Գրիգի ուսանող ընկերների՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար, որ իրենք էլ կարող են և´ որպես գրականագետ հանդես գալ, և´ որպես ստեղծագործող: Կարևորն այն է, որ իրենց գրածները հասցնեն այնպիսի մակարդակի, որ արժանանան հրատարակության: Կարևոր է նաև, որ չբավականան անմիջական գովեստներով, հատկապես ֆեյսբուքյան, ընկերական, այլ փորձեն անընդհատ աշխատել, բարելավել իրենց գիրը, փորձեն համապատասխանել ժամանակակից պատմվածքի առջև դրվող պահանջներին, որոնք իսկապես կան: Կարծում եմ, որ Գրիգն այդ աշխատանքը կատարում է, ու նրա պատմվածքներում դա տեսանելի է»,- ասաց գրականագետ Հայկ Համբարձումյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031