Լրահոս
Օրվա լրահոսը

Արամոն՝ երգարվեստի մասին. «Անտրամաբանական բառերի կույտ է» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2015 22:00

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր հյուրընկալվել էին երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր Արտիստ Արամոն (Արամ Գեւորգյան) եւ նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը: Aravot.am-ն առանձնացրել է դրվագներ՝ արվեստասերների հետ զրույցից:

-Էմմա, Ձեզ սիրել եմ «Իմ բարդիներ» երգով: Ինչպե՞ս ծնվեց այն:

Էմմա Պետրոսյան. «Զանգ ստացա մեր գործիքավորողի՝ Արա Թորոսյանի կողմից…առաջին վայրկյանից հասկացա, որ իմ ներսից է գալիս այդ երգը եւ գուցե իմ մասին է: Չեք հավատա՝ մեկ օր էի ծանոթ երգին, բայց ձայնագրվելու ժամանակ կարծես օդից էի վերցնում մեղեդին: Երկրորդ ձայնագրությունից հետո դուրս եկա ստուդիայից, այլեւս անելիք չունեի: Երջանիկ եմ, որ երգացանկումս տեղ է գտել այդ երգը, որը մինչ օրս կատարում եմ:

-Ի՞նչ գնահատական կտաք ժամանակակից երգարվեստին

Արամո. «Այն, ինչ մնացել է Սովետական միությունից որպես «էստրադային» ժանր, այսօր «թեթեւ» երաժշտություն է կոչվում, բայց միեւնույնն է՝ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում թեթեւ կամ էստրադային երաժշտություն: Ո՞նց կարող է «Բարդիներ»-ի նման երգը թեթեւ ժանր լինի: Ես ո՞վ եմ, որ գնահատական տամ, բայց որ ասեմ՝ երգարվեստը լավ վիճակում է, կհավատա՞ք…

30 տարի առաջ, երբ 15 տարեկանում ոտք դրեցի բեմ, մեր հետեւում ուժ կար՝ Տաթեւիկ Հովհաննիսյան, Էլվիրա Մակարյան, իսկ Գեորգի Մինասյանի պես արտիստ-երգիչ չկա: Այն ժամանակ կոմպոզիտորական մեծ դպրոց կար, իսկ հիմա բոլորն իրենց կոմպոզիտոր են կոչում, ախր կոմպոզիտորը պետք է մեծ կտավներ ստեղծի՝ սիմֆոնիաներից սկսած: «Դո»-ն «Ռե»-ից չտարբերողը չի կարող կոմպոզիտոր կոչվել: Ես, օրինակ, երգահան եմ, չեմ կարող կոմպոզիտոր լինել, ես արտիստ եմ: Այդ անտրամաբանական բառերի կույտը՝ «սիրո համը», «այտերդ մեջքիս մեջ», «ջիգյար»…դա՞ է ժամանակակից երգարվեստը…

Դուք ձայնագրել եք «Սեւ սպիտակ» երգը: Իսկ ի՞նչ է սեւսպիտակը Ձեզ համար

Արամո. «Դրանք գույներ են… Այդ երգը մեր միասնության եւ մտերմության սկիզբը եղավ: Խնդրեցի, որ Էմման խոսքերը գրի: Կուզեմ, որ սպիտակի վրա միշտ լավ գույներ եւ մտքեր լինեն՝ կապված կյանքի եւ ստեղծագործելու հետ: Այդ սեւ-սպիտակը մեր կյանքն է՝ իր բաց ու մութ գույներով: Սիրում եմ սեւը, սեւի մեջ եմ հանդես գալիս բեմում, որովհետեւ բոլոր գույները դրա մեջ են, բայց կուզեմ, որ ճերմակն էլ միշտ թեւածի բոլորիս կյանքում:

Էմմա Պետրոսյան. «Սիրում եմ հումորով ասել՝ եթե ես սպիտակն եմ, ուրեմն սեւն Արամն է եւ հակառակը»:

Արամո. «Այսինքն մենք շախմատ ենք խաղում, տախտակն էլ մեր կյանքն է»:

-Ինչպե՞ս որոշեցիք, որ Ձեր որդին եւս պրոֆեսիոնալ երաժիշտ պետք է դառնա

Արամո. «Գուցե նա լավ ֆիզի՞կ լիներ…Դեռ փոքր ժամանակվանից զգացվեց, որ նա արտիստիկ է: Միտում չի եղել, թե մեր թոռը եւ ծոռի ծոռը պետք է լինեն երաժիշտներ: Այդպիսի ախմախ բաներ չի անցել իմ մտքով: Ավիկը երաժշտական էր, չեմ հերքի: Էմման ջութակահար է, բայց պարտադրողական բան չեղավ, թե նա էլ պետք է ջութակ նվագի: Ուզում էինք, որ թավջութակ նվագի, ինչի հետ նա համաձայն չէր, ոչինչ պարտադրելով չի եղել: Նվագելու հետ կապված խնդիրներ եղել են, ամեն գործիք իր դժվարությունն ունի, բայց նա այժմ սովորում է Գերմանիայում»:

Էմմա Պետրոսյան. «Ավելացնեմ, որ մենք մեր օրինակով պետք է վարակենք սերնդին: Մարդը չի կարող չստեղծագործել, իսկ երաժշտությունը, պարտադիր չէ, բայց ցանկալի է, որ լինի  դասական, որովհետեւ դասականն է դաստիարակում մարդուն:

Նկարահանվել եք «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմում, ինչպե՞ս ստացվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ գործակցությունը:

Արամո. «Հրանտ Վարդանյանի հետ հին երեւանյան ընկերներ ենք, նրա տունը Պուշկինի վրա էր, մերը՝ Բայրոնի… տեսահոլովակներից հետո մտերմացանք, ընդհանուր թեմաներ կային: Մենք մոտ էինք էներգետիկ դաշտով: Կարծես հասկանայի, որ նրա հետ պետք է մտերմանամ: Նա կինոմտածողություն ուներ, միտք եւ սցենար: Ֆիլմի մտահաղացումը Հրանտինն էր, ես դարձա պրոդյուսերը, եւ դժվարությամբ գումարներ հայթայթեցինք: Հրանտի հետ աշխատելը շատ հետաքրքիր է: Շատ բաներ կա անելու, կուզենայի՝ հայտնվեին մարդիկ, որոնք կցանկանային գումար ներդնել՝ Հրանտի մոտ եղած սցենարները կյանքի կոչելու համար: Հիմա մի երկու առաջարկ ունեմ նաեւ Մոսկվայից, ռուսական նախագծեր են: Եթե սցենարն ինձ դուր չեկավ, չեմ նկարվի: Ուրախ կլինեմ, եթե երիտասարդ ռեժիսորներից էլ առաջարկներ ստանամ:

Ձեզ համարո՞ւմ եք ազատ արվեստագետ

Արամո. «Սիրում եմ ազատությունը, բայց այն պետք է չափ ունենա: Ճախրիր ազատ, բայց ճանաչիր սահմանները»:

Էմմա Պետրոսյան. «Ես էլ եմ կողմ խիստ կանոններին, չեմ սիրում ապրել առանց կանոնների: Բայց շատ դեպքերում չենք կարող ազատության մեջ ստեղծագործել, որովհետեւ շաղկապված ենք հասարակության հետ: Չեմ կարող լինել բացարձակ ուրախ, եթե շաղկապված չեմ ուրախության հետ»:

Հանդիպման վերջում ներկաների խնդրանքով Արամոն կատարեց տարիներ առաջ գրված Երեւանին նվիրված մի երգ, իսկ որպես վերջաբան՝ ասաց. «Մի անգամ 107 տարեկան մեկին հարցնում են, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը: Նա պատասխանում է՝ չեմ վիճում: Այնպես որ, փորձեք չվիճել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031