«Ձեր ներկայությունը այսօր այստեղ նշանակում է, որ ասելու բան չկա, մնում է գործել»,-դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ դիմելով Ազատության հրապարակում հավաքված մարդկանց:
Նա նշեց, որ այսօր այստեղ է ոչ այնքան ասելու, քան լսելու համար, իրենց հետաքրքիր է լսել, թե ինչ են մտածում հայ մարդիկ: Նա նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ոչ թե նախագիծ է այլ նոր Սահմանադրություն. «Այսինքն՝ ուզում են թագավորներով ներկայացնող ժողովներին ներկայանալ առանց թագավորի: Մեզ ուզում են դարձնել անթագավոր երկիր»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը գործ ունի շատ մեծ ստի, օրինակ՝ խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում խորհրդարանը գործում է չորս տարի, իսկ Հայաստանում ցանկանում են, որ գործի հինգ տարի:
«Մեր համբերության բաժակը լցվել է, մնում է վերջին կաթիլը, այս հակասահմանադրական հանրաքվեն վերջին կաթիլն է: Ես համաձայն եմ, որ հակասահմանադրական հանրաքվեն կասեցվի»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Պարույր Հայրիկյանը ԱԺ պատգամավորներին առաջարկեց դիմել սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական հանրաքվեն կասեցնել: Նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է 27 պատգամավոր: Հավաքվածները հավանություն տվեցին Հայրիկյանի առաջարկությանը:
«Մենք ուզում ենք միասին մեր միասնությունը զգալ: Շատ վատ է, որ մեզ՝ հայերիս մոռացրել են երգելը: Վերեւում աստված, ներքեւում ժողովուրդը, Հայաստանը տեր ունի եւ այդ տերը մենք ենք»,- իր խոսքը եզրափակեց Հայրիկյանը
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ