Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ոստիկաննե՛ր, արյան աղբյուրները ուրիշ տեղ փնտրեք»

Դեկտեմբեր 01,2015 19:00

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչ հանրահավաքը լարված իրավիճակ էր Ազատության հրապարակում, ոստիկանները բերման են ենթարկել Գեւորգ Սաֆարյանին եւ եւս մեկ ցուցարարի: Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Պետրոս Մակեյանը, Անդրիաս Ղուկասյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը սկսվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով: Նա ասաց, որ հույսը, հավատը սերը մեկ է եւ ամբողջական. «Հայաստանի ճակատագիրը, ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետեւողների, բռնի ուժով այս հրապարակից հեռու պահված քաղաքացիների միջոցով: Այսօր «Նոր Հայաստանը» երկունքի մեջ է, եւ Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը: Այդ ջղաձգումները, որ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ, ոստիկանները, գյուղապետերը, պաշտոնյաները ժողովրդին չներկայացնող տղերքը պատերազմ են հայտարարել սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ, եւ մենք թույլ չենք տալու ամրապնդել իրենց կուսակցապետությունը: Կորչի՛ Հանրապետական կուսակցությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունը կանգնելու է պատասխանատվության դատարանի առջեւ. «Ամեն մեկս հավասար է լինելու Հայաստանի օրենքի եւ Սահմանադրության առաջ: Առաջին հորդորն եմ ուղղում, որը կկրկնվի այս մեկ ժամվա ընթացքում՝ այսօր մենք ճամփա ենք ընկնում ոչ թե պատմական ուղով, այլ նոր ուղով, որը բերելու է ազատ, ինքնիշխան Հայաստան»:

Նա կոչ արեց ոստիկաններին պահպանել մասնակիցների անվտանգությունը եւ չկատարել անիրավ հրաման: «Մենք հասնելու ենք հաղթանակի եւ ամբողջական Հայաստանի եւ առանց արյան: Ոստիկաննե՛ր, արյան աղբյուրները ուրիշ տեղ փնտրեք եւ սանձեք, քանի որ դուք եք պատասխանատվություն կրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեկ կաթիլ արյան համար: Այդ ի՞նչ վախ է, հիմա զգուշացնում եմ, որ այդ գյուղապետը, քաղաքապետը կամ մարզպետը, նախարարության աշխատակիցը կամ նախարարը, ոստիկանը կամ ոստիկանապետը, որը փակել է ճանապարհը՝ խախտելով օրենքը կամ Սահմանադրությունը ինքը եւս պետք է կրի պատասխանատվություն Հայաստանի անկախ դատարանի առաջ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն հանգամանքը, որ մարզերին քաղաքացիներին թույլ չեն տալիս գալ Երեւան նշանակում է, որ Սահմանադրությունը ոտնահարված է, հանրաքվե գոյություն չունի: Նա նշեց, որ այսօր ելույթներից հետո կանցնեն գործի եւ պիտի տեսնեն, որ կասեցված հանրաքվեն դառնալու է Սերժ Սարգսյանի եւ իր վարչախմբի հրաժարականը. «Մենք ուժեղացած ենք, ամուր ենք վճռական ենք: Ես ինքս նվիրյալների հետ կանգնած եմ այս հարթակի վրա, եւ մենք միասին տանելու ենք Հայաստանը դեպի իր ապագան, վերադարձնելու ենք Հայաստանը, իշխանությունը եւ իրավունքը ձեզ՝ հարգելի քաղաքացիներ: Սա Հայաստանի Հանրապետությունն է, եւ պետական բոլոր շենքերը պատկանում են ոչ թե պետական հանցագործ իշխանությունը ստանձնած իշխանության գործիչներին, այլ պատկանում են ՀՀ քաղաքացիներին եւ մենք պետք է իրացնենք մեր իրավունքը: Մենք կլինենք հրապարակում, Երեւանում, ցանկացած խաչմերուկում, գյուղում, մինչեւ որ այս կեղտոտ կուսակցապետությունը, որը չունի այդքան արժանապատվություն, որ լռի Նժդեհի մասին մինչեւ որ ինքը հեռանա կա՛մ ինքնակամ, կա՛մ ժողովրդի պահանջով եւ մինչեւ մենք իրացնենք մեր ժողովրդի երազանքը»:

Նա ընդգծեց, որ այսօր միասնաբար, խաղաղ այդ երազանքը իրականացնելու են. «Ոչինչ, կամ հաղթանակ, ոչինչ կամ Հայաստանի Հանրապետություն: Մենք բերելու ենք Պարույր Սեւակի կտակած հինգերորդ եղանակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031