Նոյեմբերի 12-ին Լոռու մարզում ուժեղ քամուց տուժած համայնքներին աջակցելու, մարզային ու համայնքային ենթակայության, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ մարզին կհատկացվի 240 մլն դրամ:
Համայնքներին տրամադրվելիք միջոցների բաշխման հասցեականությունն ապահովելու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ և մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների ու քամուց տուժած 52 համայնքների ղեկավարների մասնակցությամբ դեկտեմբերի 1-ին խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ փոխհատուցումը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության՝ մարզում կատարած ուսումնասիրությունների հիման վրա:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը համայնքառհամայնք ներկայացրեց արձանագրված վնասների և ըստ այդմ տրամադրվելիք փոխհատուցման գումարների չափը: Ընդ որում, արձանագրվել են և՛ պատական, և՛ մասնավոր ու համայնքային ենթակայության շինություններին հասցված վնասները:
Կարդացեք նաև
-Սա այն եզակի դեպքերից է, երբ կառավարության կողմից աջակցություն է ցուցաբերվում նաև մասնավոր հատվածին,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա համայնքների ղեկավարներին հորդորեց գումարներն ստանալուն պես արագ կազմակերպել փոխհատուցման տրամադրման գործընթացը. քամուց տուժած բնակիչների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում և բաշխումը կատարել արդարացիորեն, որպեսզի բնակչության շրջանում դժգոհություններ չառաջանան: Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության վարչությունները պատրաստակամություն հայտնեցին համայնքների ղեկավարներին աջակցել կազմակերպական հարցերում, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:
Լոռու մարզպետարան