Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Այստեղ պետք է հիշեմ Տիգրան Սարգսյանին. հնարավո՞ր է… այո հնարավոր է»

Դեկտեմբեր 01,2015 18:07

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ «ՀՀԿ-ի համար դեկտեմբերի 6-ի հանրաքվեի «այո»-ն ամեն գնով անհրաժեշտ չէ, «այո»-ի քարոզչությունը կյանքի ու մահվան հարց չէ»:

«Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխություններ. սպասվող հանրաքվե» թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Շարմազանովը վստահեցրեց, թե ոչ մի շտապողականություն չկա, քանի որ նախ նոր սահմանադրություն չեն գրում, մյուս կողմից ժամանակն արդյունավետ են ծախսում:

Այնուհետև հիշեցրեց, թե ՀՀԿ-ն միշտ էլ եղել է խորհրդարանական համակարգի կողմնակից:

Դիտարկմանը, եթե «այո»-ն գերխնդիր չէ, ապա ինչո՞ւ են երկրի վարչապետի մակարդակով շտաբներ ղեկավարում, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Պետք է նայենք օրենքի տեսանկյունից: Այստեղ որևէ խախտում չկա»:

ՀՀԿ խոսնակը պնդեց, թե իրենց պետք է որակյալ հանրաքվե: Ի պատասխան եղավ դիտարկում, թե արդյոք հնարավո՞ր է այդ որակյալ հանրաքվեն ապահովել այն պարագայում, երբ ընդդիմությունը խոսում է արդեն գրանցված բազմաթիվ խախտումների մասին, պարոն Շարմազանովն արձագանքեց` հիշելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Այստեղ պետք է հիշեմ Տիգրան Սարգսյանին. Հնարավո՞ր է: Այս դեպքում այո, հնարավոր է»:

Այնուհետև հավելեց, թե ընդդիմությունը բազմաշերտ է. կա մարգինալացված հատված, ի դեմս ՀԱԿ-ի, և խորհրդարանական ընդդիմություն, որը «այո» է ասել սահմանադրական բարեփոխումներին:

Դառնալով իրենց հասցեին հնչած քննադատություններին` ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Քննադատությունը լավ բան է, բայց մինչ քննադատելը չպետք է նստես թախտին, սպասես բախտին, պետք է մտնես տեղամասեր, իրականացնես գործառույթներ: Ինչպես արևելքում են ասում` հալվա ասելով բերանը չի քաղցրանում, պետք է գործ անել»:

Հարցին ի՞նչ երաշխիքներ, որ ՀՀԿ-ն չի լինելու կայուն մեծամասնությունը, ինչի մասին բազում մտահոգություններ կան, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ո՞վ է որոշել, որ ՀՀԿ-ն չի լինելու և չի ուզում լինել: Ինձ մոտ տպավորությունն է այն, որ այս սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ ՀՀԿ-ին զրկենք իշխանությունից: Նման բան չկա: Դա նույն բանն է, երբ Ռեալ Մադրիդը մտնի Բարսելոնայի հետ խաղադաշտ ու ասի, որ եկել եմ պարտվելու: Նախ խնդրում եմ ՀՀԿ-ից բոբո չսարքել. իր բոլոր թերություններով հանդերձ ՀՀԿ-ն մեր երկրում ամենակայացած կուսակցությունն է»:

Հարց հնչեց նորմա՞լ է, որ երկրի նախագահը իրեն մոտեցած քաղաքացու հետ խոսում է երկրի դատարանների չգործելու մասին, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Կոռեկտ չի լինի երկրի նախագահի գործունեությունը մեկնաբանել: Երկրի նախագահի ցանկացած քայլ նորմալ եմ համարում, հավատում եմ փորձին ու իմաստնությանը: Ինձնից ակնկալում եք, որ ասեմ, ոչ սխա՞լ է երկրի նախագահը: Նա մի բան է նկատի ունեցել, որ այսօր մենք ունենք անկատար դատական համակարգ և սահմանադրական համակարգային բարեփոխումներից հետո դատական համակարգի բարեփոխումները հնարավորություն կտան, որ նման պրոբլեմները լուծվեն»:

Այն դիտարկմանը, թե իշխանությունից դժգոհ զանգվածը բավականին մեծ է, ուստի հնարավո՞ր է այս ֆոնին մոբիլիզացիա լինի ընդդիմության շուրջ, պարոն Շարմազանովը` ի պատասխան հորդորեց ձեռնպահ մնալ «մոբիլիզացիա» բառից ու շեշտեց. «Նման բառ կարող է օգտագործվել միայն պատերազմի ժամանակ: Չի կարելի մեր երկրում թշնամիներ փնտրել. մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Երկրորդ անգամ դա չի կարելի կրկնել, այո նկատի ունեմ նաև մարտի 1-ը: Խնդրում եմ այդ տերմինոլոգիայից ազատվեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031