Լրահոս
Օրվա լրահոսը

Նուռ. «Ինձ ոչ մեկ չի թելադրում» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2015 17:48

Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտում այսօր «Բաց հարթակ» ազատ քննարկումների ակումբի շրջանակում կազմակերպվեց վարպետության դաս: Բուհի «Ճարտարապետություն և դիզայն» ֆակուլտետի ուսանողների բանախոսն այս անգամ հայտնի դիզայներ-նկարիչ Նուռն էր՝ Արման Դավթյանը, ով ապագա դիզայներ-ճարտարապետների համար բացահայտեց մասնագիտական որոշակի հմտություններ: «Իմ առաջնահերթ խնդիրն է՝ պատանիների մեջ արթնացնել իրենց մասնագիտության հանդեպ սերը: Եթե կարողանաս «բացել» այդ սիրո զգացմունքը, նրանք հաճույք կստանան իրենց մասնագիտությունից եւ գիտելիքներից: Միայն այդ դեպքում ինքնուրույն կսովորեն եւ տարբեր աղբյուրներից ու դասախոսներից գիտելիքներ կքաղեն: Որքան էլ բուհն ու դասախոսները լավը լինեն, եթե երեխան չի սիրում մասնագիտությունը, զոռով սովորեցնել ոչ մեկ չի կարող, տեր Թոդիկի դպրոցը չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նուռը:

Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ սովորեցնել՝ ինչպես դիտարկել մասնագիտությունը. «Կարելի է դիտարկել զուտ մասնագիտորեն եւ մանրադիտակով «տեսնել» մասնագիտության հիմունքները եւ պատմական հիմքերը: Դիզայնը եւ ճարտարապետությունն այդ տեսանկյունից դիտարկելը փոխում է մոտեցումդ. ամեն ինչ չես անում հենց այնպես: Իմ գաղափարախոսությունն է՝ ուղղակի գեղեցիկ չի լինում: Եթե գեղեցիկը հիմնավորված եւ պատճառաբանված չէ, ուրեմն գեղեցիկ չէ եւ հավերժ չէ»:

FILE4661 FILE4656 FILE4653 FILE4648

Խոսելով երիտասարդ դիզայներների՝ կայանալու եւ աշխատելու հնարավորություններից՝ մեր զրուցակիցը նախ նշեց, որ ոլորտում անհատականությունները քիչ են. «Եթե շատ լինեն, անհատականություններ չեն լինի: Այդպիսիք միշտ կարողանում են դրսեւորվել մասնագիտության մեջ»: Նուռը փաստեց, որ նրանք կարողանում են աշխատանք գտնել, մասնագիտությանն առանց անհատական դրսեւորումների տիրապետողները՝ եւս, քանի որ դիզայների մասնագիտությունն այսօր պահանջված է. «Երբ ազատ ես մասնագիտության մեջ, ուրեմն կայացել ես, դա է ամենամեծ ձեռքբերումը: Այսօր կարող եմ ինքս ընտրել իմ հաճախորդին, ստեղծագործությանս թեման: Ինձ ոչ մեկ չի թելադրում եւ դա է ցանկացած մասնագիտության մեջ ամենամեծ ձեռքբերումը, որին կարելի է հասնել աշխատասիրությամբ եւ համառությամբ:

Հայտնի դիզայներից հետաքրքրվեցինք, թե որ դեպքում կմերժի գործնական առաջարկը. «Երբ ինձ թելադրեն՝ թե ինչ պետք է անեմ: Հաճախ են մարդիկ նման փորձեր անում, բայց չոր մերժում են ստանում, որովհետեւ ես երկար եմ տանջվել՝ այդ ամենից ազատվելու համար: Կարծում եմ՝ այսօր ունեմ ազատ լինելու իրավունք»,-ասաց Արման Դավթյանը:

Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի ռեկտոր Հովսեփ Շահինյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր եւ կրթական այլ միջոցառումներ. «Վերջերս տեղի ունեցավ ճարտարապետության եւ ճարտարագիտության 3-րդ համագումարը, որը միավորեց սփյուռքահայ ճարտարապետներին: Տարբեր մասնագիտություններով արդյունավետ դասընթացներ կազմակերպվեցին, ուսանողներն էլ բավականին ակտիվ էին»:

Ռեկտորը նշեց, որ մագիստրատուրայի շրջանավարտներն արդեն իսկ աշխատում են, ուսանողներից 3-ն էլ մրցութային կարգով ընտրվել են բանկերից մեկում աշխատելու: Բուհը գործակցում է ֆրանսիական մի քանի կրթական հաստատությունների հետ, իսկ գերմանական բուհերից մեկի հետ նախատեսվում է ստորագրել հուշագիր՝ համալսարանը գերմանաֆրանսիական ինժեներական ինստիտուտի վերափոխելու նպատակով:

«Այս պահին մեզ մոտ դասախոսում է Ֆրանսիայից ժամանած մասնագետ, բարձրակարգ մասնագետներից մեկն էլ Իրանից է»,-ասաց Հովսեփ Շահինյանը:

ՀՖԲԻԻ կոմունիկացիայի պատասխանատու Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա մագիստրատուրայի 6 շրջանավարտներից 5-ն արտերկրում են՝ աշխատում եւ սովորում են. «Հատկանշական է, որ իրենց մասնագիտությամբ են աշխատում եւ բավականին ոգեւորված են: Մեր ուսանողներն աչքի են ընկնում անհատականությամբ: Հստակ գիտեն՝ ինչ են ուզում եւ ինչ չեն ուզում: Դրանով իսկ տարբերվում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուսումնական սրահում գրեթէ միայն աղջնակներ կան

    ո՞ւր են արդեօք տղաները

    երեւի փողոցներում՝ ցոյցի

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031