Aravot.am-ը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ինչո՞ւ չի մասնակցելու Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ այն էլ որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան Սամբոյի Ֆեդերացիան, քանի որ թուրքական զինված ուժերի կողմից խոցվել է ՌԴ ռազմական ինքնաթիռ:
«Ռուսաստանի հետ ոչ մի կապ չկա, Եվրոպայի Սամբոյի ֆեդերացիան մեզ նամակ էր ուղարկել, որ նման դեպք է եղել եւ այլն եւ այլն… Ես, որպես Եվրոպական Սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամ, պարտավոր էի նամակին պատասխանել: Ու գրել եմ, որ լավ կլինի ժամկետները տեղափոխվեն, երբ աժիոտաժը հանդարտվի, խաղաղություն լինի, նոր կգնանք կմասնակցենք»,- հայտնեց Լեւոն Հայրապետյանը:
Նա հավելեց, որ նույն առաջարկով նաեւ Իտալիան է հանդես եկել, հրաժարվել են մասնակցել Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Ռուսաստանը:
Նկատեցինք, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ուղարկած հայտարարության մեջ շեշտված է, որ քայլն արվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ի պատասխան Լեւոն Հայրապետյանն ասաց. «Այո՛, եւ ցավակցություն ենք հայտնել, իսկ ի՞նչ է, վատ ե՞նք արել…»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանն էլ՝ փաստորեն սպորտը քաղաքականացվում է, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Սպորտը քաղաքականությունից դուրս է, քաղաքականի հետ մենք գործ չունենք, պոլիտիկները Ազգային ժողովում են, մենք ի՞նչ գործ ունենք Ազգային ժողովի հետ: Ուղղակի աշխատում ենք պահել մարդկային, հարեւանական եւ մնացած հարաբերությունները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ www.sambo.am կայքից