Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Հայաստանը պետք է սառնասրտություն եւ զգոնություն դրսեւորի՝ չներքաշվելով առճակատման մեջ»

Դեկտեմբեր 01,2015 17:13

Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ Հայոց ցեղասպանության թեմայի՝ ՌԴ պետդումայում շրջանառության մեջ դրվելը այս փուլում արդյոք վիրավորակա՞ն չէ Հայաստանի համար:

«Բարոյական ընկալումների տեսակետից, իհարկե այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը, քո նկատմամբ իրականացված հանցագործությունն օգտագործվում է պահի թելադրանքով եւ ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու։ Սակայն մյուս կողմից, Ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է եւ հետեւաբար նրա հետ կապված ամբողջ գործընթացն անխուսափելիորեն քաղաքական նպատակահարմարության, քաղաքական հաշվարկների եւ շահարկումների մեջ է ներգրավված։ Այդ առումով երեւի պետք է ընդունենք, որ այս թեման միշտ էլ օգտագործվել է եւ օգտագործվում է Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծելու նպատակով։ Հետեւաբար, նաեւ կարողանանք առաջին պլան մղել արդյունքը եւ ոչ թե գործընթացի ընթացքում առաջացած անհարմարությունները։ Եթե ստացվի այնպես, որ բանաձեւը անցնի եւ սրա միջոցով մենք կարողանանք ինչ-որ չափով նորից ավելացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման առումով, ես միայն դրական կգնահատեմ գործընթացը»,-ասաց պարոն Մանուկյանը:

Մեր զրուցակիցը բացառում է պատերազմը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ասում է. «Որպես կանոն այնքան մեծ ռազմական եւ քաղաքական ներուժ ունեցող միջազգային խաղացողները նախընտրում են իրենց միջեւ առաջացած վեճերը լուծել այլ ավելի թույլ եւ խոցելի խաղացողների միջոցով։ Հենց այդ պատճառով, կարեւոր է, որ Հայաստանը սառնասրտություն եւ զգոնություն դրսեւորի, չներքաշվելով այս առճակատման մեջ։ Եթե Սիրիայի շուրջ զարգացումները եւ մասնավորապես ռուսական ինքնաթիռի խոցումը կարող է պատերազմի բերել, ապա դա, լինելու է ռուս-թուրքական ոչ թե դասական այլ «սառը պատերազմը»։ Իսկ այդպիսի «Սառը պատերազմը» շատ հավանական եմ համարում…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031