Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բոլոր դպրոցներում խնդիրները միատեսակ են». Արմեն Աշոտյան (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 01,2015 17:05

«Իրականացված կրթական բարեփոխումներին և ընթացիկ նախագծերին ծանոթացնելու առումով Այնթափի միջնակարգ դպրոցը տիպային ուսումնական հաստատություն է, որովհետև այստեղ կարելի է տեսնել բոլոր այն ծրագրերը, որոնք մենք վերջին տարիներին կյանքի ենք կոչել՝ շախմատի լսարան, նախակրթարան, «Դպրոցական սնունդ» ծրագիր, նոր համակարգչային լսարաններ և այլն»,- ասում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն այսօր այցելեց ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրով դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:

«Այս դպրոցի օրինակով կցանկանայինք բոլոր մարզերում ունենալ նմանատիպ ուսումնական հաստատություններ,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Աշոտյանը.- նախակրթարան հաճախած երեխաները, ըստ մանկավարժների գնահատականների, հետո ավելի լավ են սովորում դպրոցում, «Շախմատ» առարկան անցած աշակերտներն ավելի լավ են յուրացնում ճշգրիտ և բնական գիտությունները: «Դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ լուծում ենք նաև առողջապահական և սոցիալական հարց, որն ունի իր կրթական հետևանքները, որովհետև երբ երեխան քաղցած չէ, բնականաբար, ավելի լավ է ընկալում ուսումնական նյութը: Համակարգչային լսարանի շնորհիվ հնարավորություն ենք տալիս երեխային օգտվելու հայալեզու կրթական այն զանազան ռեսուրսներից, որոնք ստեղծել ենք վերջին տարիներին: Եվ սա դեռ վերջը չէ, որովհետև բոլոր դպրոցների համար նախատեսում ենք նոր վիրտուալ լաբորատորիաներ՝ բնագիտական առարկաներից: Ամենայն հավանականությամբ, Ամանորից հետո դրանք արդեն հասանելի կլինեն»:

Դառնալով խնդիրներին՝ նախարարը նկատեց, որ մեր բոլոր դպրոցներում դրանք միատեսակ են. «Կարող եմ առանց որևէ դպրոցի անուն տալու պարզապես թվարկել մի քանի հիմնական խնդիրներ, որոնք դպրոցների 99%-ում կան: Դրանք են՝ մանկավարժական համակազմի և աշակերտների թվի միջև եղած տարբերություն (մանկավարժների թիվը պահանջվածից մեծ է), շենքային պայմաններ (հանրապետության շուրջ 400 դպրոցներ այսօր ունեն քաղաքաշինական խնդիրներ) և ուսումնական բնույթի խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դպրոցական ուսումնական ծրագրերը գերբեռնված են, հետևաբար՝ վերանայման կարիք ունեն»,- ասաց Ա. Աշոտյանը:

Հավելենք, որ համակարգչային դասասենյակները ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում են բացվել: Դրանք «շարժական» դասասենյակներ են. նոութբուքեր են՝ իրենց պահարանով, ինքնուրույն սնուցման և կապի համակարգերով, որոնք հնարավոր է հեշտությամբ տեղաշարժել ցանկացած առարկայի դասավանդման համար:

Ա. Աշոտյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում շուրջ 800 մլն դրամի համակարգչային սարքավորումներ և պրոյեկցիոն սարքեր են տրամադրվել ոչ միայն խոշոր միջնակարգ, այլև առաջնահերթության կարգով սահմանամերձ 15 գյուղերի (հիմնականում Տավուշի մարզում):

«Սակայն ասել՝ վերջ, այս մի գործն ավարտեցինք, անցանք մյուսին, հնարավոր չէ. կրթության ոլորտում այնպիսի հարց չկա, որ մեկընդմիշտ լուծես. միշտ թարմացման, վերանայման ու կատարելագործման խնդիր կա: Իսկ համակարգիչն այնպիսի բան է, որ 4-5 տարին մեկ անգամ պիտի փոխես: Մենք վերջին անգամ խոշոր համակարգչային համակազմ դպրոցներին տրամադրել ենք 2012 թվականին, երբ ՀՀ նախագահի ծրագրով շուրջ 2500 համակարգիչ ստացան դպրոցները: Ներկայումս 17 աշակերտին բաժին է ընկնում 1 համակարգիչ: Համեմատության համար նշեմ, որ 10 տարի առաջ 400-ին էր ընկնում 1 համակարգիչ, այսինքն՝ այդ ցուցանիշը 25 անգամ բարելավվել է»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Krtutyun_12 Krtutyun_11 Krtutyun_10 Krtutyun_9 Krtutyun_8 Krtutyun_7 Krtutyun_5 Krtutyun_4 Krtutyun_3 Krtutyun_2 Krtutyun_1 Krtutyun_13

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031