Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Բարսեղյանն ինչպե՞ս կարող էր  կտրված զարկերակով բարձրանալ պտտաձողին և ինքնասպան լիներ. նոր մանրամասներ

Դեկտեմբեր 01,2015 16:37

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարի 29-ին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող, նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդի Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Դավիթ Հարությունյան) այս գործով նիստից հետո պարոն Զաքարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Գնել Թևոսյանը հայտարարում է, որ ինքը որևէ առնչություն չունի տվյալ դեպքի հետ, այդ գիշեր քնած է եղել և առավոտյան մյուս զինծառայողների հետ միասին տեղեկացել է, որ տուժողը բացակայում է իր սենյակից»:

Հարցին`ըստ դատաբժշկական փորձաքննության Գնելը հարբած է եղել, քանի որ նախորդ գիշեր մասնակցել էր խնջույքի, Արա Զաքարյանն արձագանքեց. «Գնելը խնջույքի չի  մասնակցել: Գործով հաստատված է, որ այդ խնջույքին նա չի մասնակցել»:

Արա Զաքարյանը չբացառեց ինքնասպանության վարկածը:

Այն պնդումներին, թե Հայկազ Բարսեղյանի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել, ինչը դատաբժշկական փորձաքննությունն էլ է ցույց տվել, պաշտպանն արձագանքեց. «Դատաբժշկական փորձաքննությունը մեզ մոտ կասկած է առաջացնում, որ ոչ օբյեկտիվ է եղել: Նախաքննական մարմին ենք ներկայացրել, որ նշանակվի կրկնակի փորձաքննություն, սակայն մերժվել է»: Արա Զաքարյանը հավաստիացրեց, որ Գնել Թևոսյանը նորմալ հարաբերությունների մեջ է եղել Հայկազ Բարսեղյանի հետ:

Haykaz_Barsegyan_3

Դառնալով Հայկազ Բարսեղյանի մարմնի վրա եղած կապտուկներին` պարոն Զաքարյանն ասաց. «Գործով կա տեղեկություն այն մասին, որ Հայկազ Բարսեղյանը որոշ զինծառայողների հետ պարբերաբար ընդհարումների մեջ է մտել, և  չեմ բացառում, որ այդ վնասվածքները  այդ ժամանակ առաջացած լինեն, այդ թվում նաև տեղեկություններ կան, որ դեպքի օրն էլ են նման ընդհարումներ եղել»:

Շատերի մոտ կասկած է հարուցում այն հանգամանքը, թե ինչպես Հայկազ Բարսեղյանը, որի զարկերակը կտրված էր, ննջասենյակից հասել էր պտտաձողին , կախվել և ոչ մի արյան հետք ճանապարհին չէր թողել: Արա Զաքարյանն արձագանքեց. «Ես չեմ բացառում վարկածը, որ եթե անձը ցանկանում է մի եղանակով հրաժեշտ տալ կյանքին չի հաջողվում, փորձի այլ եղանակով: Գործով հաստատվել է, որ Հայկազ Բարսեղյանը ոչ մեծ քանակով արյուն է կորցրել, որի պայմաններում որևէ խոչընդոտ չի եղել տեղաշարժվելու»:

Այն հիշեցմանը, թե Հայկազի հայրը պնդել է, որ իր որդին փոքրամարմին էր և նրա համար դժվար կլիներ բարձրանալ պտտաձողին, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Այդ պտտաձողին բարձրանալն իրենից որևէ դժվարություն չէր ներկայացնում»:

Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի ներկայացուցիչ Գագիկ Գալիկյանը ինքնասպանության վարկածը բացառում է. «Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ցույց է տվել, որ Հայկազ Բարսեղյանը, երբ կախված է եղել, արդեն մահացած է եղել: Իսկ եթե Արա Զաքարյանը գտնում է, որ այդտեղ սխալ կա, ապա դատաբժիշկը ամենայն հավանականությամբ հրավիրվելու է դատարան, ցուցմունք է տալու և այդ ամենը կբացահայտվի»:

Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայության հարցում պարոն Գալիկյանը մեղադրում է հրամանատարությանը. «Եթե նա լիներ ազատության մեջ, ոչ թե զինծառայության, դա լրիվ այլ բան կլիներ: Բայց նա զինծառայության մեջ է, և ոչ թե նա պետք է գա դատարան, այլ նրան պետք է բերեն: Իսկ հրամանատարությունը տեղյակ է այդ մասին»: Այն դիտարկմանը, քանի որ երևում է, որ այս գործը կանոնադրային հարաբերությունների խնդրի ոլորտում է, ուստի ճի՞շտ է, որ միայն կատարողներին է դա վերագրվում, պարոն Գալիկյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում` ամբողջ ՊՆ-ին բերեինք մեղավոր ճանաչեի՞նք:  Գլոբալ վերևից հասնում է մինչև ներքև»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031