Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դեկտեմբերի 1-ին «Սահմանադրական բարեփոխումներ. հեռանկարներ» թեմայով խորհրդաժողով էր կազմակերպել: Խորհրդաժողովի ընթացքում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ կուսակցությունը 1887 թվականից սկսած հավատացել է, որ խորհրդարանական կառավարումն է ժողովրդավարական մտքի ամենաբարձր դրսեւորումը:
«Մեկ բան փաստ է, որ Հնչակյան կուսակցությունը, որը հայ իրականության մեջ առաջինն է որդեգրել պառլամենտարիզմի սկզբունքը, չէր կարող դեմ քվեարկել ինքն իր ծրագրերին: Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացվածության եւ կուսակցությունների նկատմամբ ապատիայի եւ անտարբերության պայմաններում միայն ու միայն խորհրդարանական համակարգն է, որ կարող է երկրում կայացնել այս արդեն իսկ վստահություն չվայելող ինստիտուտները»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի փաստարկներին՝ Նարեկ Գալստյանն ասաց, որ կուսակցության համար անընդունելի է այն հանգամանքը, երբ «Ոչ»-ի կողմնակիցները սահմանադրական փոփոխությունները դիտարկում են ընդդիմության եւ իշխանության պրիզմայում այնքան, որքան որ ընդդիմության համար է անընդունելի երկրում առկա բազմաթիվ անարդար երեւույթները. «Այնպես չէ, որ իրենք ավելի ընդդիմադիր են, քան մյուսները: Երկրում ընդդիմության ֆակուլտետ չկա որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում, իսկ ընդդիմադիրի դիպլոմ չի բաժանվում ոչ մի հաստատության կողմից: Սահմանադրության բարեփոխումները վեր են այս ամենից, կարող ենք անցկացնել խորքային քննարկումներ, կարող ենք ընդունել կամ չընդունել նախագահական, կիսանախագահական, պառլամենտական համակարգների կենսունակությունը, սակայն այն պարզ հանգամանքը, որ այս իշխանությունները չեն կարող բարեփոխումներ անցկացնել, այդ թեզը միայն, որն առաջարկվում է «Ոչ»-ի կողմնակիցների կողմից, չի դիմանում որեւիցե քննադատության»:
«Ոչ»-ի փաստարկը, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է վերարտադրել, ըստ Նարեկ Գալստյանի, եւս չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ նա համարում է, որ յուրաքանչյուր իշխանություն ձգտում է վերարտադրության. «Սա տարրական քաղաքագիտական նորմ է: Աշխարհում ոչ մի իշխանություն ընդդիմության առանց պայքարի չի հանձնում կառավարման լծակները, իսկ մեր տիպի երկրներում առանց լուրջ պայքարի ոչ մի անգամ նման նախադեպ չի գրանցվել: Ի՞նչն է խանգարում իշխանություններին վերարտադրության փորձ իրականացնել հենց այս Սահմանադրությամբ. ի՞նչ է հնարավոր չէ, որ գործող նախագահը դառնա վարչապետ, հետո կրկին նախագահ, եթե, իհարկե, խոսքը ցանկությունների դաշտի մասին է»:
Կարդացեք նաև
Խոսելով «Ոչ»-ի ճակատի մյուս փաստարկի մասին՝ Նարեկ Գալստյանը բերեց Իսրայելի օրինակը՝ նշելով, որ ստեղծման առաջին օրից այն չի ունեցել Սահմանադրություն եւ կառավարվել է խորհրդարանական համակարգով, երբեք չի ունեցել քաղաքական ճգնաժամ եւ հաղթել է բոլոր պատերազմներում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ