ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը քաղաքական որեւէ ուժի հետ հույս չի կապում, Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ հավատը կորցրել է:
Հետաքրքրվեցինք՝ որ հայտարարել էր, թե «Այո»-ն ու «Ոչ»-ը չեն հասնում իրեն, մի՞թե քարոզչական տեսահոլովակները չի նայել:
«Ոնց չե՞մ նայել, նայում եմ…Բայց դրանք ինձ ի՞նչ կտան, էն օրն էլ Հակոբ Ավետիքյանի հետ ասուլիսի էինք, ինքը մի միտք հայտնեց՝ էդ քարոզչությունը ավելի շատ հեռուստացուցային է, քան ժողովրդի համար է… Ես տեսնում եմ՝ ուտում-խմում են, էն օրն էլ մի կնիկ իր համար դարդիման երգում էր: Դա ինձ չի համոզում, եթե ասեմ՝ այո, ինչի՞ն եմ ասում՝ այո, կամ եթե ասեմ՝ ոչ, ինչի՞ն եմ ասում ՝ոչ»,- տարակուսանք է հայտնում արվեստագետը:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ չի կարդում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Ես ժամանակ ունեմ իմ գործերը անելո՞ւ, թե՞ Սահմանադրություն կարդալու, կարո՞ղ ա գեղարվեստական գիրք ա…Մեր կարդալը պետք չի, թող իրավաբանները կարդան, մեզ ասեն՝ ինչումն է առավելությունը: Ինձ ասում են, որ կուսակցություններն առավելություններ են ստանում, էհ, եթե իշխանական ուժերն ու ընդդիմությունը 50/50 լինեին խորհրդարանում, ես կհասկանայի, որ քվեարկություն է, կայուն մեծամասնությո՞ւնը որն է»,-ասում է Լեւոն Թոքմաջյանը:
Նաեւ հավելում է. «Ինձ նման ինչքա՜ն մարդ կա, որ տեղեկացված չէ, չգիտի՝ ինչ ասի, որն է լավ: Կարծում եմ՝ եթե նույնիսկ «Ոչ»-ը անցնի, մինչեւ 1918 թ. ընտրությունները էլի նույնն է լինելու, ոչինչ չի փոխվելու, չէ՞…»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ իրեն կմեղադրեն, թե ժողովրդական նկարիչը տեղեկացված չէ, դրա համար էլ հայտարարում է՝ «Այո»-ից ու «Ոչ»-ից գլուխ չեմ հանում, Լեւոն Թոքմաջյանը պատասխանում է. «Իհարկե, տեղյակ եմ, հո լրիվ սարի չոբան չե՞մ, ուղղակի ո՛չ մեկին եմ հավատում, ո՛չ մյուսին, սա է խնդիրը, իսկ հավատը ամենակարեւոր բանն է: Ես պիտի հավատամ, բայց ինչի՞ն հավատամ»:
Իսկ որ գնա քվեարկելու՝ էդ պահին ինչ մտքով անցի, դա՞ է անելու՝ մեր այս հարցին ի պատասխան էլ՝ արձագանքում է. «Ես չգիտեմ՝ կուսակցականներն ասում են՝ ավելի լավ է լինելու, ավելի ազատ է լինելու, ավելի ժողովրդական…էհ, Աստված տա՝ էդպես լինի, ո՞վ չի ուզում… Բայց արդյոք այդպես կլինի՞, էս է խնդիրը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ