«Այդ երբվանի՞ց մենք հայ մարդուն սկսեցինք անվանել «ահաբեկիչ»` «տեռորիստ»: Թող ասեին՝ զինված հեղափոխականներ, հանցագործներ, արկածախնդիրներ, բայց ոչ՝ ահաբեկիչներ: Հայը երբեք իր երկրում ահաբեկությամբ չի զբաղվում, գրեթե Իսլամական պետության ահաբեկիչներին են հավասարեցրել»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով վերջին օրերին ամենաքննարկվող թեմայի՝ ԱԱԾ-ի կողմից զինված խմբավորման բացահայտելու մասին՝ ասաց փիար մասնագետ Հայկ Կիրակոսյանը:
Մենք փորձագետից մեկնաբանություն ենք վերցրել՝ արդյոք հնարավո՞ր սցենար է շատերի մտավախությունը, թե ամենն իշխանությունների կողմից կազմակերպված «խաղ» էր՝ հասարակությանը վախի մթնոլորտում պահելու համար՝ սպասվող հանրահավաքներին ընդառաջ:
«Ի՞նչն է հնարավոր սցենար: Որ իշխանությունները խաղու՞մ են, թե՞ որ ընդդիմությունը փորձում է զենքով ինչ-որ բան անել: Ամեն ինչից զատ` իշխանական լրատվամիջոցների նման մատուցումը, հետո հերքումը միայն վնաս է բերում ինֆորմացիոն առումով հենց իշխանություններին, որովհետև բոլոր նրանք, որոնք լուրջ չէին ընդունում Սեֆիլյանին և «Նոր Հայաստան» շարժումը, իշխանության շնորհիվ արդեն բավականաչափ լուրջ են ընդունելու, իսկ դա միայն օգուտ է այդ շարժմանը: Ես անգամ սկսում եմ կասկածել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայկ Կիրակոսյանը բացառում է, որ սա իշխանությունների կողմից ծրագրած խաղ էր, ըստ նրա՝ «առիթն» էլ սխալ կերպով է օգտագործվում. արտակարգ իրավիճակ ստեղծելով՝ իշխանությունները հասարակությանը չեն կարող վախեցնել. «Երբ մեղվի բունը քանդում ես, մյուս մեղուները դուրս են գալիս և կծում քեզ: Երբ կրակի վրա յուղ ես լցնում, կրակը կարող է աջ ու ձախ խժռել ամեն բան: Իրենք ոչ ոքի չեն վախեցրել ու չեն էլ կարող: Հայերին վախեցնել փորձել են աշխարհի գրեթե բոլոր հնարավոր ուժերը: Եվ ապարդյուն: Քաղաքը ոստիկաններով կցված լինելը միայն թեժացնում է պատկերը, մարդկանց ենթագիտակցության մեջ վեր է հառնելու 90-ականների պատկերը, երբ բոլորը մի բռունցք դարձան »:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի՝ իրավիճակը կարող է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հեղաշրջում չանելն արդեն ամոթալի կլինի: «Չմոռանանք, որ մարզեր կան, որոնց վրա իշխանությունների ազդեցությունը գրեթե զրոյական է: Իսկ դա նշանակում է շատ ավելին, քան Նորքում 10 հոգու ձերբակալելը»:
Հայկ Կիրակոսյանը նշում է, որ պետք է եղածը մեկնաբանվեր այնպես, ինչպես եղել է, որեւէ կողմի «վզին չպետք է փաթաթեին»: «Հանրությանը տեղեկացնելու բազում եղանակներ կան՝ այնպիսիք, որ խուճապ են առաջացնում և այնպիսիք, որ հանգստություն են ներշնչում: Իշխանությունները դեռ խուճապ առաջացնելով են զբաղված: Դա գուցե իրենց օբյեկտիվ հոգեվիճակից է նաև: Գուցե պետք է իրենց էլ ըմբռնումով մոտենալ: Բայց, որ իրենց ներսում իրենց հակառակ ուժեր կան, դա կարելի է անզեն աչքով էլ նկատել: Նախագահին խաբում են: Նախագահի գլխի տալ փափուկ բարձ են դնում»,- ասում է նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ