Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության փոխնախարարը ստուգվեց ՄԻԱՎ-ի դեմ

Դեկտեմբեր 01,2015 14:47

Այսօր առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բակում կայանված շարժական լաբորատորիայում ՄԻԱՎ-ի դեմ արյան հետազոտություն անցավ: Նախքան հետազոտվելը Վահան Պողոսյանը կենտրոնի մասնագետի մոտ խորհրդատվություն անցավ` ինչ է ՄԻԱՎ-ը, վարակվելուց որքան ժամանակ անց է ի հայտ գալիս, որոնք են ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները եւ այլն:

Մատից արյուն վերցնելուց 20 րոպե անց առողջապահության փոխնախարարը փակ ծրարով ստացավ պատասխանը, որը նրան տրամադրեց խորհրդատուն: Նաեւ հետազոտվեցին մի խումբ լրագրողներ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով: Այս տարի մեր երկրում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք, անցյալ տարվա 334-ի փոխարեն:

MIAV-1Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված անցյալ տարվա բարձր ցուցանիշը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ասաց, որ վերջին 4 տարիներին գրանցվել են ՄԻԱՎ վարակի ավելի շատ դեպքեր, ինչը պայմանավորված էր լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ եւ մեր հայրենակիցների հետհոսքով, որոնք ՌԴ-ից արդեն ախտորոշված վերադարձել են:

«Կարող ենք փաստել, որ վերջին 2-3 տարիներին 59 տոկոսն այն դեպքերն են, որոնք մարդիկ, արտագնա աշխատանքի մեկնածները վարակվում են արտերկրում: Եթե ավելացնենք նրանց զուգընկերներին, ապա կստացվի, որ 73 տոկոս դեպքերը պայմանավորված են միգրացիայի գործոնով»:

Armen MuradyanԸստ պարոն Գրիգորյանի վարակի թաքնված շրջանը կարող է տեւել միջինը 8-10 տարի, երբ վիրուսն աստիճանաբար քայքայում է մարդու իմունային համակարգը, սակայն հիվանդության նշանակալի արտահայտություններ չեն լինում եւ հիվանդը գործնականում իրեն առողջ է զգում, առիթ չի ունենում դիմել բժշկի:

Այս պահին ՄԻԱՎ-ի դեմ բուժում է ստանում 900 մարդ, դիսպանսերային հսկողության մեջ են 1500 հիվանդներ:

Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ շարժական բուժախտորոշիչ կլինիկան գյուղական եւ քաղաքային հարյուր համայնքներում շրջում է եւ մարդկանց հնարավորություն տալիս հետազոտվելու: Կենտրոնի տնօրենի վստահեցմամբ, հետազոտությունն իրականացվում է անանուն:

Վահան Պողոսյանը նշեց, որ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որեւէ դեպք չի արձանագրվել: Ըստ նրա, հիվանդության վաղ ախտորոշումը, ժամանակին սկսած հակառետրովիրուսային բուժումը կյանքի որակի բարելավման հնարավորություն են տալիս, իսկ արդյունավետ բուժումը նվազեցնում է ուրիշներին փոխանցման հավանականությունը: Փոխնախարարի տվյալներով, 1988 թվականից մինչեւ օրս մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք:

Մեր երկրում ՄԻԱՎ վարակակիրները հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են` 1528 մարդ, 686-ը` կանայք են: ՄԻԱՎ վարակի 41 դեպք երեխաների շրջանում է արձանագրվել:

Ախտորոշման պահին վարակվածների 52 %-ը եղել է 25-39 տարիքային խմբում: Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը, թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը: Բացի այդ, արձանագրվել են նաեւ հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային եւ արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031