Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններ. Ո՞վ է իրականում մոլորեցնում հասարակությանը

Դեկտեմբեր 01,2015 13:30

Սահմանադրությունը հասարակական կյանքի կազմակերպման առանցքային ինստիտուտներից է, և բնական է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը այս օրերին պետք է հանդիսանա հասարակության լայն շերտերի քննարկման առարկա: Սա, իհարկե, ողջունելի է: Մեր պետության ամրապնդման գործում հավասարապես շահագրգիռ են հասարակության և իշխանական, և ընդդիմադիր հատվածները և այս դրույթը ամենևին ցանկություն չունեմ վիճարկել, բայց, այդուհանդերձ ,կցանկանայի ներկայացնել որոշ դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի , դրանից ստացած տպավորությունների և ընդդիմության դերն ու գինը արժեզրկող որոշ ընդդիմադիրների վերաբերյալ `առանց անձնավորելու:

Խոսքս ամենևին չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի այն հարգարժան գործիչներին, որոնց հայտնած տեսակետները ունեն պատշաճ հիմնավորում, արտահայտվում են` ելնելով իրենց համոզմունքներից: Ամենևին այն կարծիքին չեմ, որ մեր հասարակությունը զերծ է խնդիրներից և սահմանադրությունից բացի չունենք հանրային նշանակություն ունեցող այլ կարևոր խնդիրներ , սակայն հետևելով զարգացումներին, ցավոք սրտի, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ որոշ ընդդիմադիր գործիչներ սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակը օգտագործում են ընդդիմադիր դաշտում կայանալու, իսկ որոշներն էլ իրենց ցածր հեղինակությունը հասարակության մեջ բարձրացնելու համար: Դրա հետևանքով և դրա ազդեցության տակ, հասարակության մի մասի համար փաստաթղթի, ըստ էության, քննարկումը արհեստականորեն դառնում է ոչ նպատակահարմար, քանի որ նրանց փորձ է արվում հրամցնել մի թեզ, որի համաձայն իշխանությունները սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել են բացառապես վերարտադրվելու նպատակով:

Այստեղ տեղին է հիշել, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ նույնպես ակտիվորեն շրջանառվում էր այն կարծիքը, ըստ որի՝ գործող նախագահը սահմանադրության փոփոխության միջոցով փորձում է հավերժացնել իր իշխանությունը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ բոլոր այդ կարծիքներն ու տեսակետները զուրկ էին հիմքից:

Տաս տարի անց նույն այդ գործիչները, չունենալով փաստաթղթի դեմ քիչ թե շատ հիմնավոր փաստարկներ և շարունակելով քննադատել ոչ թե փաստաթուղթը, այլ հեղինակներին, իրենց միտքը ամբողջացնելով ընդգծում են, որ գործող իշխանության ունակ չէ լավ նախագիծ մշակել, դրանով ակամայից պաշտպանելով այն նախագիծը, որի ընդունմանը դեմ էին տաս տարի առաջ :

Ընդդիմադիր այդ գործիչները հասարակության մեջ ունեն խելացի և բանիմաց անձանց համբավ, որոնք ունեն բավական լուրջ քաղաքական փորձառություն, և դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են իրոք դեմ լինել որևէ փաստաթղթի, և չկարողանալով բերել փաստաթղթի դեմ լուրջ փաստարկներ, ստիպված լինեն փնովել փաստաթղթի հեղինակներին: Փորձեմ միտքս ավելի պարզ շարադրել: Հասարակության առջև ներկայանալով որպես իշխանության նկատմամբ անհաշտ ընդդիմադիր և նրա բոլոր նախաձեռնությունները քննադատող, որոշ ուժեր կամ անհատներ, իրենց հոգու խորքում կողմ լինելով փաստաթղթին` քանի որ այն ակնհայտորեն մեծացնում է գոնե խորհրդարանական ընդդիմության դերակատարումը ընթացիկ քաղաքական գործընթացներում, այդ մասին չեն բարձրաձայնում շատ պարզ պատճառով. որպեսզի այդ քայլով հանկարծ հասարակության աչքում չդառնան իշխանության համախոհը` դրանով իսկ զրկվելով հասարակության պատկառելի ընդդիմադիր հատվածի աջակցությունից:

Այս գործելաոճը հնարավորություն է տալիս նաև սևացնելու փոփոխությունների նախագիծը պաշտպանող ընդդիմադիր ուժերին և նրանցից «պոկելու» համախոհների որոշակի բանակ`փորձելով հասարակությանը ապացուցել, որ այդ ընդդիմադիր ուժերը իրականում ընդդիմադիր չեն, որովհետև պաշտպանում են իշխանության կողմից առաջարկված նախագիծը, և, հետևաբար, իրական ընդդիմադիրները իրենք են: Այդպիսի ընդդիմադիր ուժերի և գործիչների համար շատ պարզ է, որ անկախ նրանից, թե իրենք հրապարակավ ինչ դիրքորոշում կհայտնեն սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ այն լուրջ հնարավորություն ունի հաջողություն արձանագրելու , հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առանց այդ էլ նախագիծը պաշտպանում են խորհրդարանական երեք կուսակցություններ, որոնք միասին վերցրած խորհրդարանում ունեն բացարձակ մեծամասնություն:

Եթե այս գործընթացը ավարտվի սահմանադրության փոփոխությամբ, այն ընդդիմադիրները` որոնք իբր դեմ էին այդ նախագծին , կվայելեն նոր սահմանադրությունը` իրենց «սկզբունքային» դիրքորոշմամբ հիացած ընդդիմադիր զանգվածի քվեների հաշվին, իսկ եթե նախագիծը մերժվի, ապա իրենք արդյունքում ոչինչ չեն կորցնի: Այստեղ իր բացասական դերն է խաղում նաև մեկ այլ գործոն. մեր իրականության մեջ իշխանության հետ որևէ հարցում պայմանավորվածություն ձեռք բերած ընդդիմադիր քաղաքական գործիչը կամ ուժը ընդմիշտ զրկվել է ընդդիմադիր հատվածի աջակցությունից, անկախ նրանից թե որն է եղել այդ համագործակցության պատճառը, և դրանից հետո հասարակությունը չի ներել և երկրորդ հնարավորություն չի տվել այդպիսիներին և նրանց հավերժ ամրացրել է իշխանամետի պիտակ: Սա խոսում է նաև մեր հասարակության քաղաքական ինքնատիպ կուլտուրայի մասին, որը բացառում է ներքին խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն արժանապատիվ համագործակցության որևէ հնարավորություն, և սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որ իրեն ընդդիմադիր համարող յուրաքանչյուր գործիչ խուսափի պաշտպանել իշխանության կողմից արված թեկուզ ամենափայլուն նախաձեռնությունը:

Այս ամբողջ շղթայում բնականաբար տուժող կողմ է հանդիսանում հասարակությունը, որի մի մասը այդպես էլ չի կարողանում կամ չի ցանկանում ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների նախագծին և ըստ էության, զրկված է փաստաթղթի հանդեպ սեփական գնահատականը ձևավորելու հնարավորությունից:

Այսօր հասարակության համար շատ կարևոր է փաստաթղթի բովանդակային քննարկումն ու վերլուծությանը, քանի որ շատ հաճախ դրանք շեղվում են բուն թեմայից և վերածվում փոխադարձ մեղադրանքների, իսկ այդ ընթացքում քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվում, թե ականատես է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին:

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031