Հասարակության մոտ, ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Արմեն Մարտիրոսյանի, «ոչ»-ն ակնհայտ է, բայց Հայաստանում ընտրական ինստիտուտը վերացնելով, ՀՀ քաղաքացիներին ու քաղաքական ընդդիմադիր ուժերին թողեցին միայն հրապարակը: Ուստի, այսօր ժամը 18.00-ին «կհավաքվենք այնքան մինչեւ ձերբազատվենք այս իշխանությունից»:
«Միայն զենքով կա փոփոխության հնարավորություն»,- կարգախոսը Արմեն Մարտիրոսյանը բացառում է. «Միայն խաղաղ քաղաքացիական գործընթացի կողմնակից ենք»: Նա կարծում է իշխանությունը սխալ արձագանք է տալիս իրենց պահվածքին ու երեկ բարձրաստիճան ոստիկանների հավաքը, ժողովը, այնտեղ հնչած ելույթներն այսպես է մեկնաբանում ու հեգնում. «Ոստիկանությունը իրավունք չունի քաղաքական ելույթներով հանդես գալ: Ոստիկանության այսօր կատարած գործողությունները եւս հակասում են օրենքին`ճանապարհներ են փակել: Ես գիտեի, որ վտանգավորության միջոց է զենքը, սպառազինությունը, պայթուցիկներն, անգամ քարը, բայց որ անվադողն այդպիսի վտանգավոր գործիք է`տեղյակ չէի: Ոստիկանությունը երեւի գիտի հասարակության տրամադրությունները իշխանությունների նկատմամբ. այդ աննախադեպ ժողովով ցույց են տալիս, որ իշխանությունները մտահոգվելու տեղիք ունեն: Արջը վախից է գոռում: Իշխանությունը անօրինական քայլերի ուղղությամբ է աշխատում: Անկախ ամենից՝ մեր գործողությունները լինելու են խաղաղ»:
Aravot.am-ի հարցին`մինչեւ ու՞ր է պատրաստ գնալ «Նոր Հայաստանը», առճակատումներ հնարավո՞ր են, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք առճակատվողներ չենք: Այս տարիների ընթացքում ընդդիմությունը`անկախ դեմքերից, բացառապես խաղաղ բողոքի շրջանակներում է գործել: Իշխանությունն է ապօրինության դաշտում գործել: Կան մարտի 1-ի տասը չբացահայտված զոհ եւ կես ապացույց չեղավ, որ ընդդիմության կողմից քայլ է եղել: Մենք բախումների չենք գնալու, բայց ինքնապաշտպանվելու ենք, եթե մեր նկատմամբ անօրինականություններ լինեն: Վստահ եմ, բոլոր ընդդիմադիրները գործում են բացառապես օրենքի շրջանակում»:
Լրագրողներից մեկը նկատեց`կա՞ միասնական ընդդիմադիր դաշտ, որի Արմեն Մարտիրոսյանը խոսում է բոլորի անունից եւ դիտարկմանը, որ անգամ խորհրդարանում «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցությունը միասնական չէ, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Այն, որ խորհրդարանում «Ժառանգության» հինգ հոգանոց խմբակցությունից միայն մեկն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը, եւս խոսում է նրա մասին, որ երկրում արմատական փոփոխություններ են պետք»:
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ Հայաստանում դասական ընդդիմադիր եւ իշխանական կուսակցություններ չկան, ուստի իրենց պայքարի կետերից մեկն էլ Հայաստանում քաղաքական դաշտի վերականգնումն է:
Մեկ այլ հարցի`ՀԱԿ- ը կմիանա՞ «Նոր Հայաստանին», քանի որ իշխանափոխության հասնելու մարտավարական տարաձայնություններ կան, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք անընդհատ իրար հետ քննարկում ենք եւ այնպես ենք անում, որ չհակասենք միմյանց: Այսօր դուք ՀԱԿ-ի խոսքը կլսեք: Մեր պահանջների`կասեցում իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ը համամիտ է: Խոշոր հաշվով, տարաձայնություն չկա: Խնդիրը «Նոր Հայաստանի» եւ ՀԱԿ-ի մեջ չէ, այլ քաղաքացիների մասնակցության: Քաղաքացիներն են քաղաքական ուժերին քայլեր թելադրելու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ